Լրահոս

13.12.2010 18:15


Կառավարությունն առաջարկում է փաթեթավորված սուրճը, թեյը, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը, մրգահյութերը, տոմսերը ևս պարտադիր դրոշմավորել

Այսօր իր արտահերթ նիստում խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Հարկերի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» և «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Այս օրինագծի նպատակը որոշ ապրանքների' դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման օրենսդրական հիմքերի ձևավորումն է: Ներկայումս ՀՀ-ում կիրառվում է ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման համակարգ, որը տարածվում է միայն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների վրա (բացառությամբ գարեջրի): Այժմ առաջարկվում է ընդլայնել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը' դրանում ներառելով կենդանական պահածոների որոշ տեսակները, մրգահյութերը, բնական կամ արհեստական հանքային ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը, կոկտեյլները, փաթեթավորված սուրճը և թեյը, տեսաձայնային սկավառակները, ինչպես նաև ՀՀ-ում կազմակերպվող թատերական, մարզական և զվարճանքի միջոցառումների տոմսերը:

Օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասել է' իրենք ակնկալում են, որ այս նախագծի ընդունումից հետո կբացառվի վերոնշյալ ապրանքատեսակների ստվերային շրջանառությունը:

Ֆինանսների փոխնախարարը նաև հավելել է, որ նախագծի ընդունումը հետո էական գնաճ չի առաջացնի:

Իր հերթին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Այվազյանն էլ տեղեկացրել է, որ քաղաքական որոշում է կայացվել արտահերթ նիստի ժամանակ այս նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցումն իրականացնել 2011թ. փետրվարին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը