Լրահոս

26.04.2017 17:40


Շենքի մուտքի մոտ Հրազդանի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման մանրամասները

Շենքի մուտքի մոտ Հրազդանի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014թ. դեկտեմբերի 29-ին Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը: Մեկ անձ կալանավորվել է։

Նախնական քննության տվյալներով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքում՝ իր շենքի մուտքի մոտ, հարձակման է ենթարկվել բնակչուհի Հ.Սաֆարյանը: Առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնության գործադրմամբ կնոջը նստեցրել են մուտքի մոտ կայանված ավտոմեքենան և ուղևորվել դեպի Երևան-Սևան ավտոճանապարհ, որի ընթացքում կպչուն ժապավենով կապել են նրա բերանը, ձեռքերը, գլխին հագցրել պարկ։ Ճանապարհին բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ՝ հարվածելով գլխին ու դեմքին՝ պահանջել են գումար, ոսկի և տան բանալիները:

Հափշտակելով կնոջ ոսկյա մատանին, պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 3 բջջային հեռախոս, դեղորայք, շպարի պարագաներ, ինչպես նաև՝ տան բանալիները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք կնոջը կապկպված վիճակում թողել են Երևան-Սևան մայրուղում և հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: Հ.Սաֆարյանը ճանաչվել է տուժող:

Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ կնոջն առևանգելու և բռնության կիրառմամբ նրա գույքը հափշտակած անձանց ինքնության և շրջանակի վերաբերյալ։ Նախնական քննության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացվել է 3 հոգու կողմից, որոնցից մեկը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մյուս երկու անձանց հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը