Լրահոս

26.04.2017 15:36


Գանձակում բացվելու է թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարան

Գանձակում բացվելու է թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարան

Ապրիլի 25-ին Գանձակ (Գյանջա) այցի ժամանակ Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Աքսել Վեկսինը հայտարարել է, որ այդ քաղաքում բացվելու է թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարան: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդվող տեղեկության՝ Ավստրիայի կառավարության օժանդակությամբ Գանձակի միջազգային օդանավակայանի տարածքին մոտ թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարանի կառուցման համար հատկացվելու է շուրջ 30 հա տարածք:

Գործարանը կառուցելուց հետո՝ առաջին փուլում նախատեսվում է հավաքել և վերանորոգել թեթև ինքնաթիռներ: Երկրոդ փուլի համար նախատեսված է սկսել նաև ուղղաթիռների հավաքման գործընթաց: Գործարանի հնարավոր կառուցման և շահագործման ժամկետները, ինչպես նաև այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Գանձակում դեռևս խորհրդային տարիներից՝ 1978 թվականից, գործում է ավիացիայի վերանորոգման գործարան, որը ներկայում ներառված է Ադրբեջանի ՊՆ կազմում: 2014 թ. տվյալներով՝ այդ գործարարնում վերանորոգում էին՝

  • Խորհրդային / ռուսաստանյան արտադրության ТВ3-117 դասի շարժիչներ, VR24, VR26, VR14, R7 տեսակի պտույտափոխանցիչներ (ռեդուկտոր):

2016 թ. մարտին ուկրաինական «Նաշի գրոշի» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ Ուկրաինայի «Կոնոտոպի ավիանորոգման գործարանը» Գանձակի գործարարնի հետ ստորագրել էր 4 մլն 350 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ վերանորոգման համաձայնագիր: Ըստ այդ տեղեկության՝ Ադրբեջանում պետք է 3 ամիս ժամկետում վերանորոգեին Ուկրաինային պատկանող 20 միավոր թռչող ապարատներ, շարժիչներ և կոնդուկտորներ:

Սակայն մինչ օրս այս մասին այլ տեղեկություններ չեն տարածվել: Իսկ նույն 2016 թ. օգոստոս և նոյեմբեր ամիսներին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին, որ Գանձակի գործարանը՝ ի դեմս տնօրեն Էթիբար Հասանովի (Hacı Etibar Həsənov), առանձնապես խոշոր չափի գումարներ է յուրացրել, գործարանն աշխատում է նվազագույն արտադրողականությամբ, աշխատողներին մի քանի ամիս աշխատավարձ չեն տալիս:

Այս խորագրի վերջին նյութերը