Լրահոս

15.01.2010 18:09


ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» կշարունակե՞ն համագործակցել

ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» կշարունակե՞ն համագործակցել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում դիրքի փոփոխությունն ու հայտնած այն տեսակետը, թե Դաշնակցությունն իրական ընդդիմություն չէ, ասել է, թե ԵԽԽՎ պատվիրակության մեջ ընդդիմությունը մեկ անձով պետք է ներկայացվի, և տրամաբանական է, որ այն պետք է վերապահվեր ուժի, որը քանակի առումով ավելի մեծ մասնակցություն ունի ԱԺ-ում։

-Ես ցավում եմ, որ իմ գործընկերը նման գնահատականներ է հնչեցնում, այն էլ «Ժառանգության» հետ համատեղ պայքարից հետո, և կարծում եմ, որ խոր թյուրիմացության մեջ է տիկին Փոստանջյանը, եթե գտնում է, որ Դաշնակցությունն իրական ընդդիմություն չէ։ Եթե նա մտածում է, որ իրական ընդդիմությունը գոռգոռոցներով, աղմուկ-աղաղակով, հայհոյախառն արտահայտություններով պետք է ներկայանալի լինի, ապա այդպիսի կեցվածքի անձը մեզ մոտ տեղ չունի։ Մենք համագործակցել ենք, և համագործակցությունը շարունակվելու է՝ անկախ նրանից, թե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ինչպիսի գնահատական կտա։ Եթե «Ժառանգության» գնահատականն է այդպիսին, ավելի լավ է՝ նրանք այդ գնահատականը տան,-նշել է նա։

Իսկ թե ի՞նչ է նշանակում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի այն հայտարարությունը, թե  ՍԴ որոշման պատճառով որոշակի ճեղքվածք է առաջացել ընդդիմադիր դաշտում, և երեք հիմնական խմբեր են առաջանում՝ «Ժառանագությունը», որը բացահայտ դեմ է որոշմանը, ուժեր (օրինակ՝ ՀՅԴ-ն), որոնք մասնակի բավարարված են, և մարդիկ, որոնք ամբողջովին կողմ են, Արծվիկ Մինասյանը պատասխանել է, թե իրենք չեն կարող բաժանվել։

-Երկուսիս նպատակն էլ արձանագրությունները (այն ձևով, ինչ  որ կան) կյանքի կոչելը վիժեցնելն է։ Այստեղ մենք ունենք բնական շահեր, որոնք համընկնում են, այլ բան է, թե տակտիկական առումով մեզանից յուրաքանչյուրը դա ինչպես է պատկերացնում։ Անշուշտ, գլխավոր նպատակը եղել և մնում է այն, որ այս արձանագրությունները  չվավերացվեն, կամ վավերացվեն առնվազն վերապահումներով։ Այլ բան մեզ համար ընդունելի չէ, և կարծում եմ՝ «Ժառանգության» համար էլ է դա այդպես։ Ինձ թվում է՝ իրենք մի քիչ շտապեցին գնահատական տալով, որ ՍԴ այս որոշումը ոչ մի բան չի տալիս,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը