Աշխարհ

25.04.2017 10:25


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում Ստամբուլում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում Ստամբուլում

Ապրիլի 24-ին Ստամբուլի Սուլթան Ահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ միջոցառումը կազմակերպել է Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը». փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Նշվում է, որ արարողությանը մասնակցել են Եվրոպայից և աշխարհի տարբեր վայրերից եկած հայեր: Մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Ճանաչի՛ր Հայոց ցեղասպանությունը, ներողությո՛ւն խնդրիր, փոխհատուցի՛ր»:

Այդ ընթացքում մի խումբ թուրք ուսանողներ վանկարկել են «Մենք Մուստաֆա Քեմալի և Էնվեր փաշայի զինվորներն ենք»:

Վերջիններիս ոստիկանությունն արագ հեռացրել է տարածքից՝ խուսափելով լարվածությունից:

Միջոցառմանը մասնակից Եվրոպայի հակառասիստական շարժման (EGAM) նախագահ Բենջամին Աբթանը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Ցեղասպանության ժխտողականության դեմ շարունակվող պայքարը միայն այստեղ չէ, այդ պայքարը շարունակվում է ամբողջ աշխարհում: Մենք՝ որպես Եվրոպայից և ԱՄՆ-ից եկած հայեր և այլազգիներ, այդ պայքարի համար այստեղ ենք»:

Նույն կազմակերպության Ստամբուլի ներկայացուցիչ Մերալ Չըլգընը քննադատել է այն փաստը, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Թալեաթ և Էնվեր փաշաների անուններով հրապարակներ, դպրոցներ, փողոցներ և պողոտաներ են անվանակոչվում:

Այս խորագրի վերջին նյութերը