Լրահոս

24.04.2017 17:15


Ալեքսիս Օհանյան. «Հայ լինելն ինձ համար հաղթանակ է»

Ալեքսիս Օհանյան. «Հայ լինելն ինձ համար հաղթանակ է»

«Forbes»-ը նրան համարում է «համացանցի կառավարիչ», երկու տարի անընդմեջ նրան ընդգրկել է «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ, իսկ 2013 թվականին ամերիկյան «Wired» ամսագիրը նրան անվանել է «նորարարության չեմպիոն». հաղորդում է «Avroraprize.com»-ը:

«Ես Բրուքլինում եմ ծնվել, բայց կարող էի ծնվել Երեւանում կամ Արեւմտյան Հայաստանում ինչ-որ մի տեղ: Ես ուզում եմ իմ գիտելիքներով օգնել որքան հնարավոր է՝ շատ մարդկանց եւ հատկապես իմ հայրենակիցներին՝ հայ երիտասարդներին»,- ասում է Ալեքսիս Օհանյանը:

Աշխարհի 100 լավագույն կայքերից մեկի՝ «Reddit.com»-ի համահիմնադիր 32-ամյա Ալեքսիս Օհանյանն այն ստեղծել է տասը տարի առաջ: «Reddit»-ը նորությունների հարթակ է, օգտատերերն ավելացնում են լուրեր, մյուսներն էլ կարող են քվեարկել դրանց օգտին՝ սահմանելով նորության դիրքն ու կարեւորությունը լրահոսում: Ալեքսիսն աշխատել է նաեւ այլ նախագծերի վրա. 2010թ.-ին օգնել է գործարկել ճամփորդությունների որոնման «hipmunk.com» կայքը, ապա նույն տարում ստեղծել «Das Kapital Capital» ընկերությունը, որն զբաղվում է ստարտափերի ֆինանսավորմամբ ու խորհրդատվությամբ: Ալեքսիսը նաեւ հիմնադրել է զվարճանքի իրերի վաճառքի համար նախատեսված «Breadpig.com» կայքը (2008թ.), որի հիմնական շահույթն ուղղվել է բարեգործության:

Ալեքսիսն իրեն հաջողակ է համարում, քանի որ ստացել է կրթություն, որն իրեն օգնել է դառնալ ուղղակի ինքնուս. «Այս ոլորտի պարգեւներից է այն, որ այստեղից ստացվող գիտելիքը հիմնականում հասանելի է բոլորին եւ անվճար է: Ես որոշեցի, որ կարող եմ իմանալ ամեն ինչ, եւ դա, թերեւս, ամենամեծ ներդրումն էր ինձ համար»:

2013թ. լույս է տեսել նրա «Առանց նրանց թույլտվության» գիրքը՝ սկսնակ գործարարների համար, որոնք հավատում են համացանցի՝ որպես զվարճանքի, եկամուտ ստանալու եւ մարդկանց օգտակար լինելու միջոցի ապագային:

Ալեքսիսը Հայաստանում

Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ Հայաստան է այցելել «Kiva» ոչ առեւտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում:

«Ես միշտ ուզում էի կապ հաստատել հայրենիքի հետ, բայց այդ հնարավորությունը վերջապես ստացա 2010թ., երբ որոշեցի թողնել Reddit-ն ու 4 ամիս Հայաստանում կամավորություն անել Kiva-ի հետ»,- ասում է Ալեքսիսը:

Ալեքսիսն առաջինն էր, որ Հայաստանում մի քանի համախոհների հետ կազմակերպեց «TEDx Yerevan» կոնֆերանսը, որտեղ հեղինակավոր մարդիկ տարածում են գաղափարներ, որոնք կարող են փոխել ու ավելի լավը դարձնել աշխարհը:

«Իմ առաջին այցից առաջ հայրս երբեք չէր եղել Հայաստանում, ուստի ես գրեթե ոչ մի պատկերացում չունեի Հայաստանի մասին, բացառությամբ, գուցե, հայկական խոհանոցի: Իմ բազում հայ ընկերները, որոնք այցելել էին Հայաստան, վերադառնալով՝ ասել էին, որ ուղեւորությունը փոխեց իրենց կյանքը: Երբ ես առաջին անգամ տեսա Արարատը, անմիջապես լուսանկարեցի այն եւ ուղարկեցի հորս: Ես գիտեմ, որ այդ պատկերն արդեն կլիշե է դարձել, եւ, այնուամենայնիվ, իրականում այն շատ է ոգեշնչում»,- նշում է Ալեքսիսը:

Մանրամասն՝ «auroraprize.com»–ում

Այս խորագրի վերջին նյութերը