Լրահոս

13.12.2010 14:22


Ռաֆիկ Պետրոսյան. «Նախագահը ստիպեց, որ օրենքը կոպիտ ձևով խախտողը պատժվի»

Ռաֆիկ Պետրոսյան. «Նախագահը ստիպեց, որ օրենքը կոպիտ ձևով խախտողը պատժվի»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտնել էր, թե  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին առևանգելու և ծեծելու կապակցությամբ, իսկ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն էլ հերքել էր նախագահի կողմից նման հրահանգի առկայությունը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռաֆիկ Պետրոսյանը պնդել է, թե ինքը նման բան չի հայտարարել, որ իր խոսքերն աղավաղվել են լրատվամիջոցի կողմից, և օրվա վերջում հերքում է տպվել։

-Ես ասել եմ, որ ՀՀ նախագահն էլ, անհանգստացած լինելով երկրում տիրող իրավիճակով, կոնկրետ այդ դեպքի կապակցությամբ և նախապես իր ծրագրում ունենալով (նախընտրական կամպանիայի ժամանակ հայտարարել էր) այն դրույթը, որ զոռբայությունը, օրենքից դուրս լինելը ինքը չի ընդունում, և հասնելու է նրան, որ դրանք վերանան՝ անմիջապես քայլ է կատարել, և ճիշտ քայլ է կատարել,-ասել  է նա։

Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի՝ ՀՀ նախագահը ստիպել է, որ օրենքը կոպիտ ձևով խախտողը պատժվի։

-Ոչ այս դեպքի վերաբերյալ, բայց նախապես նախագահը նման վարքագիծը ոհմակի բնավորություն է որակել։ Փաստորեն, դա ոհմակային գործողություն էր, որովհետև Բեգլարյանը մենակ չէր, այլ՝ խմբով։ Նա խմբով մի փոքրահասակ տղայի վերցնում է ու ծեծում։ Ոչ ոք դա չի հերքում։ Քաղաքապետի արարքը ՀՀԿ-ի հետ չի կապվում, այլ նրա հետ, որ որպես պաշտոնատար անձ՝ նա արհամարհել է օրենքը, սահմանադրությունը և մարդուն ծանրացնող հանգամանքներում ծեծի է ենթարկել,-ընդգծել է նա։

Հիշեցնենք միայն, որ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն անձամբ էր հայտարարել, թե Գագիկ Բեգլարյանի կողմից ո՛չ ծեծ, ո՛չ էլ այլ ծանր հանցանք չի եղել, այլ ընդամենը թեթև միջադեպ է տեղի ունեցել։

Ռաֆիկ Պետրոսյանը նաև ընդգծել է, որ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ չի հարուցվել, որովհետև տուժող կողմը չի դիմել ոստիկանություն, և օրենքը թույլ է տալիս հաշտվեու դեպքում գործին ընթացք չտալ։

-Բայց դա չի նշանակում, որ դեպքը չի եղել,-ընդգծել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը