Լրահոս

15.01.2010 14:53


«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

2010թ. հունվարի 10-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը համարում է անազատ, անարդար և ոչ թափանցիկ: Դա ավազակապետական համակարգի կողմից կազմակերպված և ընտրություն հասկացության հետ կապ չունեցող միջոցառում էր` մարդկանց տներն ու ընտրատեղամասերը պաշարած քրեա-օլիգարխիկ բուծարանների արգասիք բանդայով և թաղային խուժանով :

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը համոզված է, որ իշխող  ռեժիմի օրոք որևէ օրինական, ազատ ընտրության կազմակերպումն անհնար է: Գործելով ՀԱԿ կազմում` ԺՀԿ-ն «ընտրություններ» կոչված միջոցառմանը ակտիվ մասնակցությամբ կատարել է իր քաղաքական և մարդկային պարտքը քաղբանտարկյալների առջև:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է «ընտրությունների» օրն իր նախագահի և կուսակիցների հանդեպ իրականացված վայրենությունն ու անօրինականությունը, համոզված լինելով, որ սկսած սափրագլուխներից և վայ-իրավապահներից մինչև նրանց «քաղաքական» վերնախավը կանգնելու են ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի դատարանի առջև:

Տարիներ շարունակ վարչախմբի կողմից կատարելագործվում է հայկական «ընտրությունները», ինչի արդյունքում Երևանի վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ կենտրոնում կարողացել են ձևավորել 2000-5000 դրամանոց պատանդի կարգավիճակում հայտնված «ընտրազանգված»:

Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում վարչախումբը չունենալով լուրջ թեկնածու, առանց ընտրարշավ կազմակերպելու, գործի դնելով ընտրակեղծիքի իրենց մեքենան արձանագրեցին հերթական «հաղթանակը»:

Հունվարի 10-ի ընտրություններում առավել ցինիկ ու սանձարձակ հանդես եկավ սափրագլուխների կրիմինալ բանդան:

Նրանք ոչ միայն ընտրատեղամասերը պաշարված էին քրեա-օլիգարխիկ բուծարանների արգասիք սափրագլուխների բանդայով, այլև մինչև ընտրատեղամասին մոտենալը, ընտրողները պարտադրված անցնում էին թաղային կրիմինալի ու հանցագործ սափրագլուխների կողմից ձևավորած միջանցքով, որից հետո ընտրողներից շատերը ապահովագրվելով անցանկալի հետևանքներից, խուսափում էին մտնել ընտրատեղամաս, իսկ շատերն իմանալով նվաստացուցիչ միջանցքի գոյության մասին խուսափում էին տանից դուրս գալ և դա էր նաև ընտրողների մասնակցության պասիվության պատճառներից մեկը:

Վերջին տարիներին ընտրությունների ընթացքում իրավապահ համակարգի և կրիմինալի համագործակցության արդյունքում թիվ 10 ընտրատարածքի ընտրություններում ենիչերների բանդան նոր որակներով հանդես եկավ' ինքնուրույն որոշումներ ընդունել և հարձակվել ընդիմադիր թեկնածուի վստահված անձանց ու լրագրողների վրա:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է թիվ 10 ընտրատարածքի ընտրություններում, ոստիկանության թողտվությամբ կրիմինալ սափրագլուխների, դեղերի ազդեցության տակ, վայրենի դրսեվորումները, մասնավորապես 10/09 ընտրատեղամասում մեր կուսակցության նածագահ' Պետրոս Մակեյանի և կուսակցության անդամների վրա իրականացրած հարձակումը, ինչը վերջին տասնամյակում կարծես օրինաչափություն է դարձել «Ժողովրդավարական Հայրենիք»-ի համար:

Նպատակ ունենալով էլ ավելի խորացնել վախի ու հուսալքության մթնոլորտը հասարակության մեջ, ինչը պարտադրում է ընդիմությանը այլևս նոր ուղիներ ու մեթոդներ փնտրել, կանխելու վարչածմբի բուծած ենիչերների կողմից մեր անկախ պետականության հիմքերի խարխլումը ու վերականգնել վստահությունը և հավատը հնարավոր փոփոխությունների ու սահմանադրական կարգը վերականգնելու հարցում:

«Ժողովրդավարական Հայրենիք»  կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը