Լրահոս

19.04.2017 13:53


Ի՞նչ է իրենից ներկայացնում լիպոֆիլլինգը

Ի՞նչ է իրենից ներկայացնում լիպոֆիլլինգը

Կրծքագեղձի մեծացումը շարունակում է մնալ ամենահաճախ կատարվող պլաստիկ վիրահատությունների թվում: Ամենատարածված եղանակը սիլիկոնե իմպլանտների տեղադրումն է, սակայն կան պակաս ինվազիվ և ավելի քիչ վտանգ պարունակող մեթոդներ: Այդ մեթոդներից մեկի մասին Անի Մազմազյանը զրուցեց «Սլավմեդ» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Կիմ Խոդիկյանի հետ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում լիպոֆիլլինգը:

-Լիպոֆիլլինգը կրծքերի մեծացման եղանակ է, երբ մարմնի մի մասից վերցվում է ճարպը և ներարկվում է մեկ այլ տեղ: Շեշտը դրվում է երկու վիրահատության վրա. առաջինը՝ ուրվագիծ ձևավորող՝ պրոբլեմատիկ հատվածների համար (ազդրեր, հետույքի շրջան, որովայնի շրջան), որտեղից վերցնում ենք ճարպը, հետևաբար դառնում է նիհարեցնող վիրահատություն, երկրորդը՝ կրծքագեղձերը մեծացնելու, ֆորման ընդգծելու վիրահատությունն է:

-Որո՞նք են մեթոդի առանձնահատկությունները:

-Օգտագործվում է մարմնի սեփական ճարպաբջջանքը, հետևաբար չի առաջանում անհամատեղելիության խնդիր: Երկրորդը՝ վիրահատությունը կատարվում է ավելի քիչ ինվազիվ կտրվածքներով, քան իմպլանտների տեղադրման դեպքում: Օգտագործում ենք կանուլիաներ, որոնց համար 2-4 մմ-անոց կտրվածքներ են արվում, հետևաբար էսթետիկ առումով ավելի բարեհաջող է:

Ոչ բոլոր կանայք են պատրաստ անմիջապես իմպլանտներ տեղադրել, դա հոգեբանական խնդիր է: Ի վերջո, այն օտար մարմին է:Սովորաբար լիպոֆիլլինգը նախորդում է էնդոպրոթեզավորմանը, հնարավորություն է տալիս պացիենտին սովորել իր արտաքին տեսքին ու նոր չափսերին: Եթե մեկ անգամ լիպոֆիլլինգ անելուց հետո կինը չի որոշում դիմել էնդոպրոթեզավորման՝ կրծքագեղձի իմպլանտների տեղադրման, ապա որոշ քանակի ներծծվելուց հետո լիպոֆիլլինգի պրոցեդուրան կարելի է կրկնել: Ոչ մի հակացուցում չկա, ունեմ պացիենտներ, որ պարբերաբար անում են:

Բացի այդ, լիպոֆիլլինգն ավելի մատչելի է ֆինանսական առումով: Եթե էնթոպրոթեզավորման դեպքում պացիենտը 1000-1500 ԱՄՆ դոլլարի չափով վճարում է միայն իմպլանտների համար, ապա այս դեպքում օգտագործվում է սեփական օրգանիզմի անվճար ճարպը:

-Որքա՞ն ժամանակում է ճարպը ներծծվում:

-Մեկ-երկու տարում, բայց խոսքը չի գնում ամբողջական ներծծման մասին, մինչև 30-50 տոկոսը մնում է:

-Կա՞ն ինչ-որ ռիսկեր:

-Որոշ մասնագետներ գտնում են, որ ադիպոցիտները՝ ճարպային բջիջները, վնասվում են օդի հետ շփումից: Այսինքն՝ ճարպը վերցնելու պահին պետք է ուշադիր լինել, ապահովել վակուումի որոշակի մակարդակ, որպեսզի ճապաբջիջները հնարավորինս քիչ վնասվեն:

-Կա՞ն սահմանափակումներ:

-Իհարկե, երբեմն պացիենտը շատ մեծ փոփոխություն է ուզում, բայց չենք կարող չափազանց մեծ քանակություն ներարկել: Այս հարցում տարբեր մոտեցումներ կան: Ոմանք ամեն կրծքագեղձի համար թույլատրելի քանակ նշում են մինչև 250 մլ, ուրիշները՝ մինչև 600-650 մլ: 250 մլ քանակությունը ապահովում է կրծքի մեծացում 1-1.5 չափով:

-Հետվիրահատական վերականգնողական շրջանը որքա՞ն է տևում:

-Լիպոֆիլլինգի առավելություններից մեկն էլ հենց կարճ վերականգնողական շրջանն է: Մեկ-երկու օրից պացիենտը կարող է հանգիստ վերադառնալ իր կյանքին:

-Ճարպի նեծծվելուց հետո կուրծքը չի՞ դեֆորմացվում:

-Եթե վիրահատական միջամտությունը կատարված է ճիշտ, չափաբաժինները պահպանված են, ամեն ինչ նորմայի սահմաններում է, ապա դեֆորմացիայի խնդիր չենք ունենա:

-Ինչպիսի՞ն է դիմելիության տենդենցը:

-Վերջին10 տարում Հայաստանում կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ձգման և այլ նմանատիպ վիրահատությունների պահանջարկն ավելացել է:

Այս խորագրի վերջին նյութերը