Լրահոս

13.12.2010 15:14


Դադարեցվել է ապօրինի արտադրամասերի գործունեությունը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Թիթեռ» բար-սրճարանը գործում է ապօրինի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ բար-սրճարանը, իրոք, հարկային մարմիններում հաշվառված չէ և շուրջ մեկ ամիս գործում է հարկային դաշտից դուրս' զբաղեցնելով 50քմ տարածք: Ապօրինի ձեռնարկատերը Երևանի բնակիչ Խաչիկ Աթանեսյանն է:

Դադարեցվել է մսամթերքի ապօրինի արտադրամասի գործունեությունը, որը Շենգավիթում ծավալել էր Գ. Ամիրյանը' առանց համապատասխան թույլտվության և հարկային մարմիններում հաշվառվելու, իսկ մայրաքաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչ  Գ. Մարտիրոսյանն էլ' դարձյալ առանց պետական գրանցման, կազմակերպել էր մետաղյա դռների ապօրինի արտադրություն: Անօրինական գործունեության հետևանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

Էջմիածնում և Իջևանում էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում հայտնվել էին ալկոհոլային խմիչքների շշալցման ապօրինի երկու արտադրամասեր: Մի դեպքում հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր քաղաքացի Կ. Բազոյանը, ով զբաղվել է օղու շշալցմամբ, մյուս դեպքում էլ  Իջևանի բնակիչ Վ. Վերանյանն է զբաղվել օղու և կոնյակի շշալցմամբ: Վերջինիս պատկանող տան նկուղային տարածքում հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի մի քանի տասնակ օղի և կոնյակ, շուրջ 150 լիտր սպիրտ, «Ավշար» օղու համար նախատեսված հարյուրավոր շշեր և խցաններ:

Իսկ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում էլ դադարեցվել է կոշիկի ապօրինի արտադրամաս: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր քաղաքացի Կարեն Անդրեասյանը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը