Լրահոս

13.12.2010 10:42


Դօրիանը ներողություն խնդրեց Թատերական ինստիտուտում տեղի ունեցածի համար

Երեկ երեկոյան բացվեց գրող, բլոգեր Դօրիանի www.dorian.am պաշտոնական կայքը: Հեղինակի գրական աշխատանքներից, նրա մասին մամուլում եւ ինտերնետում հրապարակված նյութերից զատ նոր կայքում տեղ գտավ նաեւ նրա բլոգը: Բլոգի առաջին գրառման մեջ հեղինակը ներողություն է հայտնում այս տարվա գարնանը թատերական ինստիտուտում տեղի ունեցած ծեծկռտուքը գովազդային նպատակներով օգտագործելու համար եւ մանրամասն պատմում է տեղի ունեցած դեպքերի մասին՝ շեշտելով, որ նախկինում իր անվան տակ հրապարակումներ են արել մի քանի բլոգերներ:

«Առաջին բանը, որ որոշեցի անել նոր կայքում, դա թատերական ինստիտուտում ծեծված տղայից, նրա ընկերներից ու մտերիմներից ներողություն խնդրելն է մարտյան դեպքերի համար: Փորձելով գովազդել ինձ եւ վնասել ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանին մենք, միանշանակ, սխալ ենք եղել՝ դիմելով այդ ամենի մեջ անմեղ մարդուն ներքաշելու ստոր քայլին: Դա որեւէ արդարացում չունի: Սուտը տարածած ռեսուրսն այդպես էլ ներողություն չխնդրեց, բայց ես, թեկուզ ուշացումով, խնդրում եմ ներել մեզ ու հուսով եմ, որ խոսքերս կհասնեն հասցեատիրոջը...»,-իր առաջին հրապարակման մեջ նշում է բլոգերը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին պարբերականներից մեկն հայտարարություն տարածեց, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով Դօրիանն հայտնվել է վերակենդանացման բաժնում: Որպես ծեծկռտուքի պատճառ թերթը բերում էր բլոգերի՝ միասեռականների պաշտպանությամբ հանդես գալը: Տարածված լուրն արագ հերքվում ստացավ թե՛ Դօրիանի, թե՛ իրականում տուժած տղայի կողմից, սակայն դեպքերից հետո բլոգերը հեռացրեց իր կայքերը եւ արդեն կես տարի է' չէր զբաղվում բլոգինգով:

Այս խորագրի վերջին նյութերը