Լրահոս

13.04.2017 10:35


Ավագ հինգշաբթին է. վերջին ընթրիքն ու մատնությունը

Ավագ հինգշաբթին է. վերջին ընթրիքն ու մատնությունը

Մեծ պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և, ի վերջո, հրաշափառ հարությունը` Ս. Զատիկը: Այս մասին տեղեկացնում է «Qahana.am»-ը։

Ավագ հինգշաբթին պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան եւ ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԴ, ԺԶ, ԺԷ):

Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Պատարագի խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը եւ ապա ձերբակալվում (Մատթ. ԻԶ 17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից եւ հետո՛ տալ Ս. Խորհուրդը:

Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:

Հիշեցնենք՝ այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 16-ին:

Այս խորագրի վերջին նյութերը