Լրահոս

12.04.2017 10:10


Այսօր Ավագ չորեքշաբթի է

Այսօր Ավագ չորեքշաբթի է

Այս տարի փետրվարի 27-ից սկսված Մեծ պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 16-ին:

Մեծ պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և, ի վերջո, հրաշափառ հարությունը` Ս. Զատիկը: Այս մասին տեղեկացնում է «Qahana.am»-ը։

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ):

Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11):

Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

Այս խորագրի վերջին նյութերը