Լրահոս

14.01.2010 16:20


Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ  արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր' Հանրապետության նախագահն ասել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ 2009թվականին մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը»: Նշելով, որ Հայաստանը հետագայում եւս ջանքեր կգործադրի երկկողմ փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ' Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանն' ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած մեծ ջանքերի համար»:

ՌԴ արտգործնախարարը Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ամենաջերմ ողջույնները եւ ասել. «Նա հույս ունի, որ մեր երկրների միջեւ առկա ինտենսիվ, գործընկերային, փոխվստահելի երկխոսությունը, որ անցած տարի առաջընթաց է ունեցել, կշարունակվի նաեւ այս տարվա ընթացքում»: «Մենք նույնպես բարձր ենք գնահատում մեր երկրների ռազմավարական գործընկերության մակարդակը, դաշնակցային փոխգործակցությունը բոլոր ոլորտներում», -ասել է Սերգեյ Լավրովը եւ հավելել, որ հայ գործընկերոջ հետ հանգամանորեն քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:    

Նախագահ Սարգսյանը եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բովանդակալից զրույց են ունեցել հայ-ռուսական դինամիկ զարգացող հարաբերությունների, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում գործակցության խորացման վերաբերյալ: Նրանք կարեւորել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը եւ նշել, որ նոր համաձայնագրերը փոխգործակցության լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն, եւ էլ ավելի կամրապնդեն հարաբերությունները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին, եւ կարեւորվել ռուսական կողմի կառավարման ներքո գտնվող հայաստանյան ձեռնարկությունների արդյունավետ շահագործումը:

Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ' մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացին եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի վարչապետի հետ երեկ /հունվարի 13-ին/ կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ներկայացրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն' ընդգծելով, որ  այս երկու գործընթացները փոխկապակցված չեն. այս խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը նույնիսկ շատ բարդ է, եւ ճիշտ չէ դրանք միմյանց հետ շաղկապելը: Սերգեյ Լավրովը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, եւ թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը