Լրահոս

07.04.2017 13:30


Իրինա Թովմասյան. «Աշխատանքն ու բազմազավակ մայր լինելը միայն լրացնում են միմյանց»

Իրինա Թովմասյան. «Աշխատանքն ու բազմազավակ մայր լինելը միայն լրացնում են միմյանց»

–Տգեղ կին չկա, իսկ մայր լինելը երջանկություն է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք են հայտնել «Միսս Հայաստան-2001» Իրիա Թովմասյանն ու «Վիցե միսիս Եվրոպա-2016» Աննա Դեմիրխանյանը՝ անդրադառնալով ապրիլի 7-ին նշվող Մայրության և գեղեցկության տոնին, ինչպես նաև բազմազբաղ կին և մայր լինելուն։

Խոսելով երեխաներին և աշխատանքը համատեղելու մասին՝ Իրինա Թովմասյանը ասել է, որ մեկը մյուսին օգնում է և լրացնում։ Աննա Դեմիրխանյանն էլ հավելել է, որ ինքը երջանիկ է, քանի որ դուստրը հպարտանում է իրենով, և ապագայում ցանկանում է մայրիկի պես լինել։

–Ես բավականին ակտիվ կյանք եմ վարում, և աղջիկս նշում է, որ ցանկանում է ապագայում ինձ նմանվել: Առհասարակ, երեխաներն ունեն քնքշության կարիք: Պետք է մի կողմ թողնել ամեն ինչ եւ հարկ եղած դեպքում ողջ ուշադրությունը նրանց վրա կենտրոնացնել, –նկատել է գեղեցկուհին և հավելել, որ ունի մեկ դուստր, սակայն երազում է 4 երեխայի մասին։

Խոսելով այն մասին, որ շատ ընտանիքներ բավարարվում են ընդամենը մեկ երեխայով, Իրինա Թովմասյանը նշել է.

–Եթե չեք ցանկանում, որ ձեր երջանկությունը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի, ապա սահմանափակվեք մեկ երեխայով։

Սակայն նա նաև չի հասկանում այն փաստը, երբ շատ անապահով ընտանիքներ ունենում են հինգ և ավելի երեխաներ: Նրա խոսքով՝ ինքն անձամբ օգնում է այն երեխաներին, ովքեր առողջական խնդիրներ ունեն, ինչպես նաև մանկատանը գտնվողներին:

Գեղեցկուհիները խոսել են նաև կանանց խնդիրների և դրանց լուծումների մասի։ Իրինայի կարծիքով եթե կանայք համախմբվեն և ստեղծեն մի կառույց, ապա կկարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին ու բարի մարդկանց աջակցությամբ հասնել հաջողության:

–Օրինակ՝ առաջարկում եմ ստեղծել մի թեժ գիծ, որով կկարողանան զանգահարել եւ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները,-նշել է Իրինան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը