Լրահոս

11.12.2010 09:02


ՀԴԿ-ը զարմացած և վրդովված է

Զարմացած, նաև' վրդովված ծանոթացանք «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքին, որով նախատեսվում է էապես կրճատել հղի կանանց համար նախատեսված' առանց այն էլ սուղ արտոնությունները: Մանրամասնությունների մեջ չմտնելով, փաստում ենք, որ ընտանիքներն ամրացնելուն, առանց այն էլ անկում ապրող ծնելիությունը խրախուսելու փոխարեն, երիտասարդ ծնողները նոր բարդությունների առաջ են կանգնում: Ծննդաբերության, նորածնին անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն ուղղված սոցիալական նպաստներն ավելացնելու փոխարեն, կառավարությունը գնում է «խնայողությունների», որը ոչ մի պարագայում արդարացված չէ, ավելին, այն հակասոցիալական է և հակաժողովրդագրարական:

Բազմիցս հայտարարել ենք և առաջարկել. երիտասարդ ընտանիքներին ծնելիությունը խթանող առավել արտոնություններ տրամադրել: Այդ թվում, նորածիներին խնամելու և մինչև երկու տարեկան հասցնելու համար մայրերին արտոնյալ սոցիալական և աշխատանքային պայմաններ ստեղծել, երեխա ունեցող ընտանիքներին բնակարան գնելու համար արտոնյալ անտոկոս վարկ տրամադրել, որը նաև կարող է' հաջորդ երեխայների ծնունդով համաչափ մարվել:

Ընդունված օրենքով մասնագիտական բարձր որակավորում ունեցող երիտասարդ կանայք զրկվում են մինչ այս իրենց համարժեք աշխատավարձից, դրանով կորցնելով երկու և ավելի երեխա ունենալու նյութական խթանը, որը նաև կարող է դառնալ երկրից հեռանալու պատճառ, քանի որ նման մասնագետները կարող են արտերկրից առավել գրավիչ առաջարկներ ստանալ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ անհրաժեշտ է անհապաղ կասեցնել օրենքի կիրառումը և վերանայել այն հոդվածները, որոնք ուղղակի հարված են հասցնում երիտասարդ ընտանիքների նյութականին, երբեմն նաև խաթարում հոգեբարոյական մթնոլորտը:

Եթե իշխանությունները ականջալուր չլինեն մեր պահանջին, համոզված ենք ապագա ընտրողները կանեն համապատասխան եզրակացություններ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հետևողական է լինելու այս և նմանատիպ խնդիրները սոցիալական արդարության, դեմոկրատական սոցիալիզմի սկզբունքներին համազոր լուծելու գործում' ներկայացնելով իր ընտրողներին վարվող քաղաքականությանը հակընդդեմ ծրագիր:

ՀԴԿ Հանրապետական խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը