Լրահոս

10.12.2010 18:10


Սերժ Սարգսյանը կնշանակի մարդկանց, ովքեր պարտակա՞ն կլինեն իրեն

Սերժ Սարգսյանը կնշանակի մարդկանց, ովքեր պարտակա՞ն կլինեն իրեն

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը նոր խմորումների ՀՀԿ-ում չի բերի, կարծում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանն առաջին փորձն արել են։ Նրանք ընտրություններին երկու ճանապարհ ունեն. հին ճանապարհը՝ մականունավորների վրա հիմնվելն ու նրանց ընտրացուցակում ներգրավելն է, երկրորդ ճանապարհը, ըստ Ա. Կարապետյանի, ընդդիմության հետ որոշակի պայմանավորվածություններ է ներառում։

Առաջին ճանապարհը, ըստ նրա, աշխատող չէ և բերելու է հեղափոխության։ Երկրորդ ճանապարհի դեպքում նախագահ Սերժ Սարգսյանը գնալու է պայմանավորվածությունների՝ բավարարելու համար դաշտում գործող քաղաքական ուժերի ամբիցիաները։

-Տեսեք ե՞րբ սկսվեց ամեն ինչ՝ 2010թ. վերջին և 2011թ. սկզբին։ 2011թ. իմ կարծիքով կփոխվեն ուժայինները, ովքեր պարտական կլինեն Սերժ Սարգսյանին։ Այդ մարդիկ նշանակվում են իր կողմից, կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի նշանակման հետ, և պարտական են Սերժ Սարգսյանին,-ընդգծել է Արամ Կարապետյանը։

Եթե քաղաքական ուժերի ամբիցիաների բավարարվածության ճանապարհ գտնվի, հեղափոխություն էլ չի լինի, քանի որ հեղափոխության առաջնորդներն այլևս չեն լինի։

-Հիմա իշխանությունը մի քանի հավատարիմ մարդկանց կտրում-դուրս է բերում՝ ցույց տալու համար, որ կա իշխանություն և բավական լուրջ է տրամադրված ու բոլորին պատժելու է։ Դրանով իշխանության մյուս հատվածներին վախի ազդեցության ոլորտում բերում են իրենց կողք հիմա, փոփոխության ժամանակ նշանակում է նորերին, ովքեր պարտական են իրեն։ Եվ մնում է երրորդ ամենակարևոր խնդիրը՝ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածությունների գալը։ Դրա համար շուտով բաց կթողնվեն քաղբանտարկյալները, և կսկսվի փնտրտուք՝ ո՞ր քաղաքական ուժերի հետ ապագա խորհրդարանը ինչ ձևով բաժանելու և ներքին պայմանավորվածություն ձեռք բերելու գործընթացը,-«7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Արամ Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը