Լրահոս

03.04.2017 13:00


Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից

Խորհուրդներ «Սլավմեդ» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Սարգսյանից։

- Գարնանը վիրուսներն ակտիվանում են, մինչդեռ բոլորիս դիմադրողականությունը ձմռան ընթացքում ընկել է: Հնարավո՞ր է այնուամենայնիվ զերծ մնալ վարակվելուց:

-Այո, բայց կա նորոշակի կանոններ, որոնց հետևելը նվազեցնում է վարակվելու վտանգը: Վիրուսից պաշտպանվելու է կարևոր նշանակություն ունի սենյակի լիարժեք օդափոխումը, բնակարանի, դասասենյակների հաճախակի մաքրելը, օդի օպտիմալ ջերմությունը, խոնավությունը: Պետք է պահպանել անձնական հիգիենան՝ հաճախակի օճառով լվացվել: Շատերին թվում է, թե շատ տաք հագնվելը կամ երեխային շատ տաք հագցնելը պաշտպանում է գրիպից, բայց դա այդպես չէ, ընդհակառակը: Երեխան քրտնում է և դրանից ավելի ընկալունակ է դառնում վիրուսի նկատմամբ: Պետք է կոփվել և կոփել երեխաներին, հագնվել ճիշտ, հաճախակի զբոսնել մաքուր օդին, զբաղվել սպորտով, աշխատել հնարավորինս վարել առողջ ապրելակերպ՝ դա բարձրացնում է իմունիտետը: Եթե գտնվում եք միջավայրում, որտեղ բոլորը հիվանդ են, ցանկալի է դիմակ կրել:Արժե ընդունել վիտամիններ, բավարար քանակի հեղուկներ:

- Իսկ եթե այնուամենայնիվ վարակվե՞լ ես:

Եթե Ձեզ մոտ առկա են գրիպի նշաններ, պետք է փակել բերանը անձեռոցիկով, երբ փռշտում եք կամ հազում: Պետք է հեռու մնալ շրջապատող մարդկանց հետ ակտիվ շփումից, մնալ տանը, չգնալ դպրոց կամ աշխատանքի, հասարակական այլ վայրեր, իսկ եթե դուրս գալն անհրաժեշտություն է, ապա անպայման պետք է դիմակ կրել: Կարևոր է նաև խուսափել համբույրներից, ձեռքսեղմումներից, ձեռքերն առանց լվալու չդիպչել աչքերին, քթին, բերանին:

Այս պարագայում սննդակարգը ևս մեծ դերակատարություն ունի. պետք է ընդունել թեթև, դյուրամարս, բայց լիարժեք սնունդ, շատ հեղուկ խմել:

Իսկ եթե հիվանդը շարունակում է ներսուդուրս անել, թեթև հագնվել, մրսել, դեղորայք չի ընդունում, բարդացումների վտանգ կա:

- Ինչպիսի՞ բարդացումներ կարող են լինել և ինչպե՞ս են դրանք արտահայտվում:

Գրիպը տևում է միջինում 5-7 օր: Եթե ավելի երկար է տևում և ուղեկցվում է բարձր ջերմությամբ, գլխացավերով, քթից արտադրությամբ, ծանրացած շնչառությամբ և այլն, նշանակում է առաջացել են ինչ-որ բարդություններ: Սովորական վիրուսի դեպքում հակաբիոտիկներ ընդունելու կարիք չկա, բայց թուլացած իմունիտետին կարող է գումարվել նաև երկորդային բակտերիալ ֆլորան և առաջանան բարդություններ: Այդ դեպքում կարիք է լինում հակաբիոտիկային թերապիայի, որը պետք է բժիշկը նշանակի:

Իրականում գրիպն այնքան թեթև վիրուս չէ, որքան ընդունված է կարծել: Կարող է առաջացնել հարքթային խոռոչների բորբոքումներ, ականջի բորբոքումներ, բրոնխիտներ, թոքաբորբեր, երիկամների բորբոքումներ,միոկարդիտներ, ներգանգային բարդություններ, մինինգիտներ... շատ բարդանալու դեպքում կարող է անգամ մահվան հանգեցնել: Գրիպը կարող է ունենալ կայծակնային ընթացք, և մի քանի օրում մեծ խնդիրներ առաջացնի:

Ահա թե ինչու պետք է աչալուրջ լինել և որևէ անսովոր ախտանիշի դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Այս խորագրի վերջին նյութերը