Լրահոս

31.03.2017 17:40


«Քաղաքացի դիտորդը» պաշտպանելու է ընտրողների քվեները ընտրատեղամասերի 75%-ում

«Քաղաքացի դիտորդը» պաշտպանելու է ընտրողների քվեները ընտրատեղամասերի 75%-ում

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընտրությունների օրը շուրջ 3400 դիտորդներ է ունենալու ավելի քան 1500 ընտրատեղամասերում: Բոլոր դիտորդները հատուկ վերապատրաստում են անցել և գործելու են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վարքագծի կանոնների համաձայն՝ հաղորդելով օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ: Դիտորդները գրանցված ընտրախախտումները արձանագրելու են ընտրատեղամասերի գրանցամատյաններում և հաղորդելու են հատուկ համակարգի միջոցով, որն արտացոլվելու է ընտրախախտումների քարտեզում:

–Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել իրենց ընտրելու իրավունքից այս կարևորագույն ընտրություններում: Մեր դիտորդները պաշտպանելու են ընտրողների քվեները ընտրատեղամասերի 75%-ում: Մենք քաղաքական ուժերին և պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ ընտրակեղծիքներից, քանի որ օրենսդիր մարմին ընտրելու իրավունքը նաև կոնվենցիոն իրավունք է, և եթե մեր իրավաբանների ներկայացրած բողոքները հայաստանյան դատարանում պատշաճ չքննվեն, և հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացվեն վճիռներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, դա մեր պետության համար կունենա և՛ իրավական և՛ քաղաքական հետևանքներ,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լուսինե Հակոբյանը:

Ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ունենալու է նաև 38 շրջիկ դիտորդական խմբեր և 42 իրավաբաններից բաղկացած թիմ, որը խորհրդատվություն է տրամադրելու և դիտորդների արձանագրած խախտումների հիման վրա բողոքներ է ներկայացնելու:

Ընտրությունների օրը նախաձեռնությունը պարբերաբար մամուլի հաղորդագրություն կտարածի, ինչպես նաև տեղեկատվություն կհրապարակվի «Քաղաքացի դիտորդ» կայքում, «Facebook» և «Twitter» սոցիալական ցանցերում:

***

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը