Լրահոս

10.12.2010 14:30


Ինչո՞ւ գյուղատնտեսության ՕԵԿ–ական նախարար Գերասիմ Ալավերդյանն էլ հրաժարական չի տալիս

Ինչո՞ւ գյուղատնտեսության ՕԵԿ–ական նախարար Գերասիմ Ալավերդյանն էլ հրաժարական չի տալիս

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վերջին օրերի ներքաղաքական զարգացումները համարել է նորմալ գործընթաց և նշել, թե ովքեր սխալ քայլ են կատարել, չեն հարգել իրենց անձեռնմխելիությունը և չեն գնահատել իրենց պաշտոնները, դիրքը, ճիշտ գանհատական են ստացել։

-Պարտք և պատասխանատվությունը պետք է ճիշտ օգտագործել՝ ի շահ ժողովրդի, ոչ թե նրանց դեմ,-հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավարը։-Յուրանքանչյուր պաշտոնյա պետք է իր պաշտոնին հարիր վարքագիծ ունենա։

«7օր»-ի թղթակիցը Հ. Բիշարյանից հետաքրքվել է՝ այդ դեպքում ինչո՞ւ գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանն էլ հրաժարական չի տալիս, չէ՞ որ աշխատանքի թերացման, պաշտոնական դիրքի չարաշահման առումով նրա հասցեին էլ են մեղադրանքներ հնչեցվում։

-Ձեր հարցադրումը սխալ է։ Գյուղնախարարի նկատմամբ այդպիսի մեղադրանքներ չեն եղել։ Գյուխնախարարությա՛ն նկատմամբ է եղել մոտեցում՝ քննադատություն երկրի վարչապետի կողմից, որ կան այնտեղ խախտումներ, ինչի արդյունքում դուք տեսաք, թե ինչպիսի մոտեցումներ տեղի ունեցան։ Այն գերատեսչությունները, այն վարչական մարմինները, որոնք նախարարության շրջանակներում կատարել էին թերություններ և ոտնձգություններ, այդ պաշտոնյաները պատժվեցին,-պատասխանել է Հ. Բիշարյանը։

Հիշեցնենք, սակայն, որ 2010թ. մարտի 4-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խիստ նկատողություն հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին։

Գյուղնախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանն իր հերթին բազմիցս հայտարարել է Գերասիմ Ալավերդյանի մեքենայությունների մասին, ավելին՝ պնդել, թե ՕԵԿ-ական այդ նախարարն անբուժելի հոգեկան հիվանդ է։

Ի պատասխան՝ այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց.

-Գիտեք, մի մարդու, ում որ մեղադրում եք իր արածների մեջ, նա կարող է բազմաթիվ պատճառներ բերել, իսկ Վռամ Գյուլզադյանը, կարծում եմ, այն մեղադրողը չէ, որի ասածները պետք է  հիմք ընդունել։ Եթե նա ունի հիմքեր, կարող է դիմել համապատասխան մարմիններին։

«7օր»-ի վերոնշյալ նույն հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ այսպես է պատասխանել.

-Այդպես չէ, որ աշխատանքային թերացումներն այդպես վերջնական լուծվում են։ Դրանք զգուշացումներ են։ Պատժի տարբեր ձևեր կան, բայց այսօր չի քննարկվում որևէ մի նախարարի հրաժարականի հարցը։

Հետևաբար, ինչո՞ւ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը միանգամից հեռացվեց պաշտոնից՝ առանց զգուշացումների կամ պատժի այլ ձևերի։

-Դա նախագահի լիազորությունների շրջանակում է, և նախագահն ինքն է որոշում՝ ինչպիսի պատժի ձև ընտրի,-պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը