Լրահոս

10.12.2010 13:49


Տարեսկզբին կմեկնարկի մրցակցության ոլորտի Թվինինգ ծրագիրը

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգին և «Մրցակցային և պետական օժանդակության կիրարկումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանին:   Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ծրագրի շրջանակներում համագործակցության խնդիրները: Արտակ Շաբոյանը, կարևորելով ծրագիրը, նշեց, որ Թվինինգ ծրագրի պայմանագրի նախագծման աշխատանքները դրական ազդեցություն են ունեցել նաև Հանձնաժողովի գործունեության եռամյա ռազմավարության մշակման համար:   Հանձնաժողովի նախագահն արտասահմանյան հյուրերին նաև տեղեկացրեց, որ արդեն Ազգային Ժողովում է գտնվում Հայաստանի մրցակցային օրենսդրության փոփոխության նախագիծը, որը նախատեսվում է ընդունել մոտ ապագայում, իսկ առաջիկայում մեկնարկող Թվինինգի ծրագրի գործառույթները հնարավորություն կտան զուգահեռաբար ընդլայնել Հանձնաժողովի մասնագետների կարողությունները, ինչն էլ կնպաստի օրենսդրության կիրարկման ուղղությամբ ԵՄ չափանիշների որդեգրմանը և երկրում մրցակցության իրավիճակի բարելավմանը:   Արտակ Շաբոյանը ցավով նշեց, որ չնայած գործադրված երկկողմ ջանքերին, պայմանագրի ստորագրումը, որոշակի տեխնիկական խնդիրներով պայմանավորված, հետաձգվում է: Սակայն ԵՄ գործըկերները դրական գնահատեցին երկկողմ ջանքերը միաժամանակ ընդգծելով, որ կողմերը պահպանել են բոլոր նախանշված ժամկետները և պատրաստակամություն հայտնեցին պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո' փետրվարին անցկացնել ծրագրի մեկնարկային համաժողով' բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը