Հարցազրույց

13.01.2010 18:38


Արտակ Շաքարյան

Արտակ Շաքարյան

Հարցազրույց թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ

-Ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների սահմանադրականությունը։

-Դա մեծ անակնկալ չէր։ Սպասելի էր, որ դրական է լինելու։ Ավելի ճիշտ կլինի, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը կասեցվի, արգելակվի Թուրքիայի, այլ ոչ թե Հայաստանի պատճառով։ Այդ առումով կարծում եմ՝ դրական էր ՍԴ որոշումը։ Նաև պետք է հաշվի առնել, որ Էրդողանը մեկնել է Մոսկվա, Լավրովն էլ պետք է գա Հայաստան, այսինքն՝ թուրք-ռուսական նման կարևոր պայմանավորվածությունից առաջ ՍԴ-ի որևէ սխալ քայլը կլիներ նույնը, ինչ որ, օրինակ, թուրք-ռուսական մոսկովյան համաձայնագրի ժամանակ փետրվարյան հեղափոխությունը Հայաստանում։ Այսինքն, ՍԴ-ի սխալ քայլը բոլոր քարտերը կխառներ։

-Ձեր մատնանշած այդ հանդիպումները չե՞ն ապացուցում, որ գերտերությունների օրակարգում ղարաբաղյան հարցը շուտափույթ լուծման է դրվել։

-Ղարաբաղյան հարցը շուտափույթ լուծման է դրվել շատ ավելի վաղ՝ գոնե մեկ տարի է՝ դրված է, որովհետև նույն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քիչ թերի է ստացվում, և այդ առումով, ըստ էության, Անկարայի՝ զուգահեռ ընթացքի պահանջներն ինչքան էլ մերժում ենք, ամեն դեպքում խելամիտ են համաշխարհային քաղաքականության տեսանկյունից։ Մենք պարզապես պետք է ամեն ինչ անենք, որ դրանք չպայմանավորվեն մեկը մյուսով, սակայն ղարաբաղյան հարցի ընթացքն արագացում է ստանում հենց մեծ պետությունների ցանկությամբ, միանշանակ է։

-Այդ դեպքում 2010-ին ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքում կանխատեսո՞ւմ եք։

-Կարծում եմ, որ բոլորն էլ կենտրոնացած չեն գործընթացի վերջնական արդյունքի վրա, ուստի ևս մեկ մայնդորֆյան հայտարարություն, հռչակագիր կամ որևէ բան չասող ստորագրություն կլինի, բայց որևէ էական, հիմնարար քայլ դեպի հանգուցալուծում այս և նույնիսկ մյուս տարի չեմ կարծում, որ լինի։

-Եթե թե՛ Թուրքիայի և թե՛ Հայաստանի խորհրդարանը վավերացնի զույգ արձանագրությունները, երկու երկրներում էլ ինչպիսի՞ ներքաղաքական զարգացումներ եք տեսնում։

-Թուրքիայում մի քիչ բարդ իրավիճակ է, որովհետև իրենք ունեն քրդական խնդրի վերելք, ու հայ-թուրքական հարաբերությունները մի քիչ ավելի երկրորդ պլան են մղվում, սակայն եթե դա արվի ապրիլի 24-ից հետո, հասկանալով նախընտրական իրավիճակը, Թուրքիայի իշխանությունները շատ բարդ վիճակում կհայտնվեն, ու ազգայնականության մեծ վերելք կլինի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ նույնպես հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ազգայնական ուժերի համախմբման համար լավ պատճառ կլինի, և մեր երկրում էլ ազգայնական ուժերն ավելի կուռ համակարգով հանդես կգան։ Սակայն եթե տեսականորեն աճ գա սահմանի բացումից 2-3 տարի հետո, Հայաստանի տնտեսությունը և ընդհանուր իրավիճակը գնան դեպի բարելավում, ապա կարծում եմ, որ իշխանությունների համար դա կլինի ձիով քայլ։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը