Լրահոս

13.01.2010 15:51


Ա. Ռուստամյան. «Մեր աշխատանքով պետք է ցույց տանք, ոչ թե արձագանքելով Զուրաբյանին կամ մյուսներին»

Ա. Ռուստամյան. «Մեր աշխատանքով պետք է ցույց տանք, ոչ թե արձագանքելով Զուրաբյանին կամ մյուսներին»

Հունվարի 12-ին տեղի ունեցած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել էր, որ Դաշնակցության գործողությունները հրահանգված են իշխանությունների կողմից։ «Ինչպե՞ս կարձագանքեք Լևոն Զուրաբյանի հայտարարությանը» լրագրողի հարցին Ա. Ռուստամյանը պատասխանել է. «Ի՞նչ արձագանքեմ։ Այնքան ենք այդ ամենին արձագանքել։ Թող դուրս գան այդ հոգեվիճակից, իրենք էլ զբաղվեն մեր պետության և երկրին անհրաժեշտ քայլերի լուծմամբ և դրա մեջ դերակատար լինեն։ Պետք չէ միայն մյուսներին քարկոծելով և վատաբանելով ներկայացնել, որ իրենք են միակն ու անկրկնելին. հոգնել ենք դրանից։ Կարծում եմ՝ մենք մեր աշխատանքով պետք է ցույց տանք, ոչ թե արձագանքելով Զուրաբյանին կամ մյուսներին»։

Նա նշել է, որ ընդդիմության այդ հատվածը որևէ կերպ դեմ չէ հայ-թուրքական գործընթացի ավարտին այն տեսքով, ինչպես այն սկսվել է։ Նաև նշել է, որ եթե դա այդպես չլիներ, «Հայ ազգային կոնգրեսն» ինչ-որ տեղ կընդվզեր, կառարկեր ոչ թե ՀՅԴ գործողությունների, այլ գործընթացի դեմ։ Ա. Ռուստամյանի համար անհասկանալի է դիլեման, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, հրաժարական է պահանջում, բայց այնպես չլինի, որ այդ հրաժարականը տեղի ունենա, որովհետև գործընթացը կձախողվի։

-Իրենք առարկում են մեր գործողությունների դեմ, որովհետև նրանց ձեռք չեն տալիս այն նպատակները, որոնք մենք ենք հետապնդում։ Այդ նպատակներն իրենց ձեռնտու նպատակներ չեն։ Դա չասելու համար ասում են՝ մենք իրական ընդդիմություն չենք, իշխանությունների հետ համաձայնեցրել են։ Դե որ համաձայնեցրել ենք, թող մի բան էլ իշխանությունները մեր ասածից լսեն էլի։ Թող չվավերացնեն այս ձևով կամ կատարեն մեր պահանջած վերապահումները։ Բա ինչո՞ւ չեն անում,- ընդգծել է Ա. Ռուստամյանը։

«Իսկ եթե անե՞ն» լրագրողի հարցին Ա. Ռուստամյանը պատասխանել է, որ դա կլինի ոչ թե համաձայնեցված, այլ որովհետև հասկացան, որ այլ ելք չունեն. «Եթե ես ասում եմ՝ մածունը սպիտակ է, իրենք մինչ այդ ասում էին՝ սև է, կամաց-կամաց ասում են, չէ, ոնց որ եկեք վերանայենք, այդքան էլ սև չի, դա նշանակում է՝ համաձայնվե՞լ են մեր տեսակետներին»։

Ընդհակառակը՝ այսպիսով իշխանությունները, Ա.Ռուստամյանի կարծիքով, դառնում են խոցելի, քանի որ ընդդիմությունն իր քայլերով պետք է այնպես անի, որ եթե իշխանությունն ընդդիմանա, դառնա խոցելի։ Դա է ընդդիմության դերը, և այդ գործընթացում ՀՅԴ-ն հաջողում է։

-Սա ոչ թե համաձայնվելու նշան է կամ ոչ, ո՛չ, իրենք իրենց մասին մտածելով են դա անելու։ Միշտ այդպես է քաղաքական կյանքում։ Ավելին չկորցնելու համար իրենք օր առաջ ինչ-որ բանից հրաժարվում են. որպեսզի չկորցնեն ամբողջը, հրաժարվում են մասից,- նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը