Լրահոս

24.03.2017 17:15


Գրիգորի Գրիգորյան. «Բժշկական համակարգի հիմքը հասարակություն-բժիշկ փոխվստահությունն է»

Գրիգորի Գրիգորյան. «Բժշկական համակարգի հիմքը հասարակություն-բժիշկ փոխվստահությունն է»

Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց բժիշկների և մի շարք բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման և քննարկման հիմքում ընկած էր հասարակություն-բժիշկ փոխվստահության բարձրացումը:

Թեմայի առիթով իր խոսքում Գրիգորյանը նկատեց. «Հարգելի գործընկերներ, ինչպես ասում են` ես «միջի մարդ» եմ, և ոլորտի լավն ու վատը գիտեմ գերազանց: Հենց դա է ինձ իրավունք վերապահում միանշանակ կարծիքներ հայտնելու: Ակնառու է, որ մեր իրականության մեջ հանրությունը կանխակալ վերաբերմունք ունի առողջապահական ոլորտի նկատմամբ ընդհանրապես: Սակայն, բուժհաստատությունների և՛ մասնագիտական, և՛ բարոյական նկարագիրը վարկաբեկված է մեծ մասամբ արհեստականորեն: Ուրեմն ի՞նչ պետք է անել. առաջին հերթին ներդնել այնպիսի համակարգ, որը կերաշխավորի բժիշկների կիրթ և պատասխանատու լինելը: Հիվանդների հանդեպ հոգատարությունը կդրվի ոչ միայն բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների առանցքում, այլև ողջ համակարգի, քանի որ հասարակություն-բժիշկ փոխվստահությունն է բժշկական համակարգի հիմքը»:

Գրիգորյանն իր խոսքում անդրադարձավ մահացությունների հետ կապված բժշկին տրվող որակավորման հարցին և առաջարկեց ներդնել «բժշկի օգնականի» ինստիտուտը: «Ցանկացած բնագավառում էլ մասնագետն ունենում է ինչպես մեծ հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, որոնցով չափվում է վերջինիս որակը: Բժշկի պարագայում արդյոք ճի՞շտ է տվյալ բժշկին որակավորում տալ մահացությունների թվով:Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ չի կարելի բժշկի որակը չափել մահացությունների թվով: Կտրականապես թյուր ու սխալ մոտեցում է դա: Սակայն չի էլ կարելի երեկվա անփորձ ուսանողին միանգամից բազմեցնել բժշկի պատվավոր աթոռին: Պետք է ներդնել «բժշկի օգնականի» ինստիտուտը` որպես սերնդափոխության ու փորձի փոխանակման կարևոր օղակ: Բուժանձնակազմի վերապատրաստման ու կատարելագործման խնդիրներն, առհասարակ, պետք է դրված լինեն առողջապահական համակարգի ամենօրյա օրակարգում: Պետք է ներդնել բժիշկների աշխատանքի որակն ու գործունեությունը չափող իրական համակարգեր»,- ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը