Լրահոս

24.03.2017 14:23


Նալբանդյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ԵՏՄ-Իրան համագործակցությունը

Նալբանդյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ԵՏՄ-Իրան համագործակցությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 24-ին, ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմփուրին եւ նրա հետ քննարկել ԵՏՄ-Իրան համագործակցության հետ կապված հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Իբրահիմ Ռահիմփուրին Նովրուզի կապակցությամբ՝ մաղթելով Իրանի ժողովրդին առաջընթաց եւ բարեկեցություն:

Իբրահիմ Ռահիմփուրը Հայաստանի արտաքին գործերի նախարարին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի ողջույնները:

Հանդիպմանն անդրադարձ արվեց անցյալ տարեվերջին Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Իբրահիմ Ռահիմփուրն ընդգծեց, որ 2016թ. Իրանի նախագահի, առաջին փոխնախագահի, մի շարք նախարարների այցերը Հայաստան վկայում են այն կարեւորության մասին, որ Իրանը տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին:

Նախարար Նալբանդյանն ու փոխնախարար Ռահիմփուրը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվեց առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության առավել սերտացմանն ուղղված շարունակական ջանքերի կարեւորությունը:

Հանդիպման օրակարգում էին ԵՏՄ-Իրան համագործակցության հետ կապված հարցեր:

Զրուցակիցիները գոհունակությամբ արձանագրեցին Նովրուզը տոնելու նպատակով Հայաստանում մեծաթիվ իրանցի զբոսաշրջիկների առկայությունը եւ ընդգծեցին նախորդ տարի երկու պետությունների միջեւ մուտքի արտոնագրի ազատականացման վերաբերյալ որոշման կարեւորությունը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Իբրահիմ Ռահիմփուրը անդրադարձան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններին:

Մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի, Մերձավոր Արեւելքում իրավիճակի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը