Հարցազրույց

11.03.2009 16:07


Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով

-Պրն. Շարմազանով, համամի՞տ եք Հայստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի այն հայտարարության հետ, որ «օլիգարխիկ կապիտալը պետք է ընդունի իրավունքի և օրենքի գերակայությունը և հասարակությունից վերցրածի մի մասը վերադարձնի նրան՝ գալով թափանցիկ հարկային դաշտ»։

 

-Ես ընդհանրապես համամիտ եմ, որ երկրում ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, սակայն պարոն օմբուդսմենին տեղեկացնեմ, որ դրա մասին առաջինը ինքը չի խոսել։ 1995թ. ի վեր թե՛ տնտեսագետները, թե՛ քաղաքական գործիչների մեծամասնությունը խոսում են։ Այդ մասին  ԱԺ-ին և ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Բնականաբար ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, սակայն ես համամիտ չեմ իրականության հետ կապ չունեցող խիստ գնահատականների հետ։ Ես կիսում եմ այն կարծիքը, որ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված  և, ընդհանրապես, բոլոր բնագավառներում կան խնդիրներ, խնիրներ կան նաև այլ երկրներում, բայց այդ ծայրահեղական գնահատականների հետ համամիտ չեմ։ Ի վերջո, եթե խոսում ենք, որ Հայաստանում չկա ազատ տնտեսություն, ապա պետք է նշեմ, որ միջազգային կազմակերպությունների վարկանիշային ցուցակներում տնտեսության ազատության մակարդակով Հայաստանը չի զիջում ԱՊՀ որևէ երկրի։

-Փաստորեն, ոչ ճիշտ կամ խիստ գնահատական եք համարում նաև Արմեն Հարությունյանի այն հայտարարությունը, թե այսօր ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են, հատկապես, Դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը

 -Ես ընդունում եմ, որ Հայաստանի դատա-իրավական համակարգում խնդիրներ կան, ընդունում են, որ օմբուդսմենի կարծիքը պետք է տարբերվի նաև իշխանության կարծիքներից, հակառակ դեպքում անիմաստ կդառնա օմբուդսմենի դերը, բայց, մյուս կողմից էլ, օմբուդսմենը պետք է շատ ավելի հավասարակշռված գնահատականներ տա, այլ ոչ՝ զգացմունքային։ Ես չեմ բացառում, որ կան քաղաքացիներ, որոնց հետ անօրինական են վարվել, բայց, այնուամենայնիվ,  ռեպրեսիվ մեթոդներով համակարգը չի գործում. Հայստանը վաղուց անցել է ռեպրեսիաների ճանապարհը  և ցարական իշխանությունից հետո նախագահի գլխավորությամբ երկրի ժողովրդավարացման ուղղությամբ քայլեր են իրականացվում։

-Դուք ընդունում եք, որ օմբուդսմենի կարծիքը երբեմն պետք է տարբերվի իշխանության կարծիքից, բայց Արմեն Հարությունյանը դժգոհել է, որ երբ փորձում է լինել անաչառ և օբյեկտիվ ու քննադատում է իշխանությանը, այդ թևից ասում են, թե ըննդիմության «պռոյեկտն է»։ Ավելին, Արմեն Հարությունյանն ասել է, որ ընդդիմության և իշխանության «ձեռքը կրակն է ընկել»

-Ես չգիտեմ ով ու՞մ ձեռքն է կրակն ընկել, բայց մի բան կարող եմ ասել. օմբուդսմենը պետք է խոսի ոչ թե իշխանության կամ ընդդիմության համար, կամ դուր գա իշխանությանը կամ ընդդիմությանը, այլ խոսի օբյեկտիվորեն և ի ցույց դնի իրականությունը։ Ամեն ինչ պետք է շատ ավելի փաստարկված լինի։ Կարծում եմ, որ երբ օմբուդսմենին ԱԺ-ում հարցեր ուղղելու հնարավորություն ունենանք, ապա այդ ժամանակ ավելի առարկայական քննարկման կանցնենք։

-Ասացիք, որ Մարդու իրավունքների պաշտպանի որոշ գնահատականների հետ, այնուամենայնիվ, համամիտ եք։ Իսկ կիսու՞մ եք նրա այն կարծիքը, որ այսօր Հայաստանում վախի մթնոլորտ է ձևավորված։

-Իհարկե՝ ո՛չ. եթե որոշ պարոնայք իրենց սենյակներից դուրս չեն գալիս և հասարակությանն ու կյանքին նայում են իրենց պատուհաններից, ապա ես՝ որպես պատգամավոր, և իմ գործընկերներն ամենօրյա շփման մեջ ենք հասարակության հետ ու կարող ենք ասել, որ արդարության, անվստահության  հետ կապված որոշակի խնդիրներ կան, բայց վախի մթնոլորտ մեր երկրում չկա։   

Այս խորագրի վերջին նյութերը