Հարցազրույց

15.03.2017 17:00


Միխայել Օհանյան. «Այս ընտրությունը համակարգային փոփոխություններ իրականացնելու վերջին հնարավորությունն է»

Միխայել Օհանյան. «Այս ընտրությունը համակարգային փոփոխություններ իրականացնելու վերջին հնարավորությունն է»

«Սյունյանց երկիրը» զրուցել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Միխայել Օհանյանի հետ։

–Պարո՛ն Օհանյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ԱԺ ընտրություններին, մանավանդ որ արդեն մի քանի տարի է` ակտիվ գործունեություն չեք ծավալում` բացի բնապահպանական տարբեր հարցերի վերաբերյալ հրապարակումներ ներկայացնելուց:

– Ասեմ՝ առհասարակ որեւէ հարցի պատասխան ստանալու համար նախ պետք է պարզել, թե որտեղ է այդ հարցի առաջացման աղբյուրը, առանց դրա դու չես կարող գործողության որեւէ քայլ անել, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ ցույց տալ: Երբ սկսում ես խորապես ուսումնասիրել այն ծրագիրը, որով համարյա բոլորին հայտնի կազմակերպությունը ձգտում է համաշխարհային տիրապետության հասնել, այստեղ ուղղակի սարսափում ես: Այդ ծրագրի մեջ ամենասարսափելին աշխարհի բնակչության կտրուկ կրճատումն է: Այդ կազմակերպության լծկան որոշ քաղաքագետներ գրում են, որ Հայաստանի նման երկրներում բնակչության մեկ երրորդը կամ նույնիսկ երկու երրորդը պետք է անհետանա առաջիկա 20 տարում:

Աշխարհակործան այդ ծրագրի մեջ է մտնում աշխարհի պետություններին սահմանադրություններ եւ օրենքներ պարտադրելը: Օրինակ՝ նշածս կազմակերպության կառույցներից մեկի` Վենետիկի հանձնաժողովի կողմից մեր վզին փաթաթվեց մի Սահմանադրություն, որը, չնայած նրան, որ մեր ժողովուրդը մերժեց, այդուհանդերձ այն դարձրին իրողություն: Հիմա, երբ անկախ մեզնից, ընդունվել է այդ Սահմանադրությունը, որպես ՀՀ քաղաքացի՝ ես հնարավորություն ստացա մեր հասարակությանը հասկանալի դարձնել, որ այս ընտրությունը համակարգային փոփոխություններ իրականացնելու համար, կոնկրետ քայլեր ձեռնարկելու մեր վերջին հնարավորությունն է, կոնկրետ ինձ տրված վերջին շանսը:

–Չնայած Ընտրական օրենսգրքի մասին խոսելը ժամանակավրեպ է, բայց կուզենայինք լսել դրա վերաբերյալ Ձեր կարծիքը:

–Ընտրական օրենսգրքի, հատկապես ԱԺ ընտրությունների «ռեյտինգային» ցուցակի մասն արդեն իսկ աբսուրդ է, ծիծաղելի: Ավելին ասել չեմ ուզում, ինքներդ կհամոզվեք ընտրությունների ավարտից հետո: Հիմա արդեն դա կարեւոր էլ չէ:

Չնայած հարց չտրվեց, այդուհանդերձ, կարեւորում եմ նաեւ ասել, որ ընդհանրապես մեր երկրում տիրող այս իրավիճակը ծրագրավորել է համաշխարհային տիրապետության ձգտող ասածս կառույցը: Հայաստանի նման երկրները, որոնց տնտեսությունն օլիգարխիկ-ֆինանսական համակարգի կրնկի տակ են, չեն կարող կազմակերպել արդյունաբերության եւ հատկապես գյուղատնտեսության վերականգնումը: Նրանց պարզապես թույլ չեն տա դա անել: Դրա հետեւանքները հայերիս համար կլինեն սարսափելի: Ծրագրված քաոսի պայմաններում (ծրագրված տեղական պատերազմներ եւ հակամարտություններ, շրջափակումներ, գյուղատնտեսության ավերում, քրեաօլիգարխիկ իշխանություններ), ինչպես մեր գիտնականներից մեկն է փաստում, կսկսվի համատարած սով: Կսկսեն կիրառել գենոմոդիֆիկացված մթերքներ, կկիրառվեն պարտադիր վակցինային ներարկումներ: Այդ ամենը նշանակում է, որ էլ ավելի կիջնի ծնելիության ցուցանիշը, եւ բնակչությունն էլ ավելի կկրճատվի:

Այդ մարդակուլ ծրագրի ֆոնին առավել ակտիվ կգործեն հատկապես համաշխարհային ֆինանսական այնպիսի կառույցներ, ինչպիսիք, օրինակ, Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամն են, որոնց միջոցով, ինչպես հայտնի տնտեսագետ Ջոն Պերկինսն է ասում, մեր նման երկրները կհայտնվեն դեֆոլտի մեջ, ուղղակի կոչնչանան: Պատահական չէ, որ մամուլն այսօր արդեն իսկ հրապարակում է շուրջ 6 մլրդ դոլար մեր արտաքին պարտքի եւ օֆշորում 12 մլրդ դոլարի առկայության մասին:

– Ինչո՞ւ ընտրեցիք «ՕՐՕ» դաշինքը:

–«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ընդգրկված են մարդիկ, որոնց մի մասին բավականաչափ ճանաչում եմ, մի մասի հանդեպ ունեմ առանձնահատուկ հարգանք եւ վերաբերմունք, որովհետեւ նրանց անցած ուղին, գործունեությունը եւ երկրի հետագա զարգացման մասին ունեցած պատկերացումները շատ համահունչ են իմ պատկերացումներին: Այս ընթացքում ունեցածս անձնական շփումներն ապացուցեցին, որ նրանք ոչ միայն ճիշտ գաղափարների կրողներն են, այլեւ երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու ճանապարհ, տեսլական ու գործողությունների ծրագրեր ունեն:

–Հետաքրքիր մի իրողություն, այնուամենայնիվ, չենք կարող չարձանագրել. «ՕՐՕ» դաշինքի լիդերները ժամանակին ՀՀ կառավարության մաս են կազմել, բայց այսօր ձեւավորել են ընդդիմադիր քաղաքական ուժ:

–Գաղտնիք չէ, որ այսօր գրեթե բոլորն իրենց տակառները գլորում են միայն մեր դաշինքի ուղղությամբ: Դուք չեք հարցնում՝ ինչու: Այնպես չէ, որ այդ մարդիկ իրենց ընդդիմադիր են համարում, պարզապես նրանք ունեն այնպիսի պատկերացումներ, երկրի զարգացման այնպիսի տեսլական, որն էականորեն տարբերվում է մյուսներից, հետո, քաղաքական դաշտի ծրագրողների հաշվարկներում մեր դաշինքը չի եղել, ինչից էլ դաշինքի հանդեպ լարվածություն է ձեւավորվել:

–Հատկապես վերջին տարիների ընտրությունները ցույց տվեցին, որ Մեղրու տարածաշրջանում, կարծեք, Հայաստանի հանրապետական կուսակցությունն իշխում է: Եթե համակարծիք եք, ապա ինչո՞վ եք պայմանավորում այդ միաբեւեռությունը:

–Ինչո՞ւ միայն Մեղրիում. որեւէ մեկին չեմ պատրաստվում քննադատել, առավել եւս՝ որեւէ մեկի հնարավորությունները թերագնահատել: Հարգանք եմ տածում առհասարակ բոլորի հանդեպ: Նույնիսկ իմ «հակառակորդին» փորձում եմ հասկացնել, որ այն, ինչ անում եմ, նաեւ նրա ընտանիքի, երեխայի ապագայի համար է, որ ինձ համար ամենակարեւորն է, քանի որ նրանք հայ մարդիկ են: Թե նրանք ինչ խոսքեր կասեն իմ հասցեին կամ ինչպիսի լարվածություն կառաջացնեն, դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է միայն, թե ես իմ խորքային պատկերացումներով եւ իմ գործողություններով ինչպես կարող եմ օգտակար լինել հայ մարդուն, Հայաստան աշխարհին: Ապրելուս իմաստի մեջ այդ գաղափարն եմ կարեւորում` ամեն ինչ հայ մարդու եւ նրա ապագայի համար:

Ցավոք սրտի, մեր ինտելեկտուալ զանգվածի մեծ մասը հեռացել է երկրից, ինչը նույնպես վատ քաղաքականության, միաբեւեռ մոտեցումների արդյունք է: Հայրենիքը լքեցին խելացի, ունակ մարդիկ, եւ այսօր, երբ ես փորձում եմ դիմացինին որեւէ բան բացատրել, ստեղծված իրողությունն ընկալելի դարձնել, դժվարության առաջ եմ կանգնում: Այն զանգվածը, որ ունակ էր իշխանությունների որոշ գործողությունների դեմն առնելու, միաբեւեռությունը կանխելու, ստեղծված վիճակի ողբերգականությունն ամբողջովին հասկանալու, այլեւս այստեղ չէ: Այժմ իմ հնարավորությունների ներածին չափով, կյանքիս մնացած ժամանակահատվածում կփորձեմ մեր հասարակությանը հասանելի դարձնել այն ամենը, ինչը, իմ խորին համոզմամբ, վտանգում է մեր լինելիությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը