Հարցազրույց

13.03.2017 12:55


Էլինար Վարդանյան. «Այս ընտրությունները յուրահատուկ են լարվածությամբ»

Էլինար Վարդանյան. «Այս ընտրությունները յուրահատուկ են լարվածությամբ»

Նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Ազատությունը» զրուցել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, դաշինքի անդամ Էլինար Վարդանյանի հետ։

Վարդանյան. - Ըստ մեզ հասած տվյալների՝ այո՛, կրակոց է եղել, հետագայում փորձել են վնասազերծել կրակողին և զենքը հանձնել են ոստիկանությանը։

«Ազատություն». - Այսինքն՝ փոխոստիկանապետ Երանոսյանի բարեկամները, ով Ջրառատ գյուղի գյուղապետն է, նրա կողմնակիցները կրակել են ձեր համակիրների ուղղությամբ, ճի՞շտ եմ հասկանում։

Վարդանյան. - Այո՛, այնքանով, որքանով մենք տիրապետում ենք տեղեկատվությանը, գյուղապետի կողմնակիցները կրակել են մեր համակիրների ուղղությամբ։

«Ազատություն». - Եվ սա ի՞նչ է նշանակում։ Ընտրություններին ընդառաջ՝ ի՞նչ գնահատական կտաք այս իրավիճակին։ Տեղյա՞կ եք նաև, որ բռնությունների այլ դեպքեր են տեղի ունեցել Արարատի, Արագածոտնի մարզերում։

Վարդանյան. - Այո՛, ես, իհարկե, գիտեմ, որ սովորաբար մեզ մոտ ընտրությունները խաղաղ միջավայրում, խաղաղ մթնոլորտում չեն ընթանում, բայց այս ընտրությունները յուրահատուկ են լարվածությամբ, և թերևս յուրաքանչյուր միջադեպ այդ մասին է վկայում։ Ավելին՝ այս դեպքը խոսում է այն մասին, որ գյուղապետը, որն ի պաշտոնե պարտավոր է ապահովել նախընտրական քարոզչության ընթացքում համայնքը, համայնքի անվտանգությունը, որովհետև իր համայնքում են անցկացվում հանդիպումները, ինքն է հրահրում, փաստորեն, միջադեպեր, ինքն է հրահրում ավելորդ լարվածություն։

«Ազատություն». - Ո՞րն է նպատակը։

Վարդանյան. - Թերևս, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հարցնել հենց գյուղապետին։

«Ազատություն». - Դուք ի՞նչ եք կարծում։

Վարդանյան. - Գիտե՞ք, սա իշխանություններին շատ հաճախ բնորոշ մեթոդ է, հաշվի առնենք այն հանգամանքը, որ գյուղապետը, վերջին հաշվով, ՀՀԿ-ական է, և մի կողմ եթե թողնենք կուսակցական պատկանելությունը, այստեղ շատ կարևոր է, որ նա հանդես է գալիս համայնքի ղեկավար, և որպես համայնքի ղեկավար՝ նա պարզապես իրավունք չուներ հրահրել նման միջադեպ։

«Ազատություն». - Ինչպե՞ս կգնահատեք այն հանգամանքը, որ, փաստորեն, միայն ձեր կողմնակիցներին են բերման ենթարկել, մինչդեռ դուք պնդում եք, որ գյուղապետի կողմնակիցներն են հրազեն կիրառել ձեր համակիրների նկատմամբ։

Վարդանյան. - Ես պետք է նշեմ, որ ոստիկանությունում ինքներս այդ հարցը բարձրացրեցինք, և մեզ վստահեցրեցին, որ իրականացվելու է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, և միջադեպին առնչություն ունեցող ցանկացած ոք անցնելու է քննությունով։ Հետևաբար, ես կփորձեմ այս պահին ձեռնպահ մնալ և սպասել քննության ընթացքին՝ արդյոք պահպանո՞ւմ են իրենց խոստումը, արդյոք քննությունն ընթանալո՞ւ է բազմակողմանի և ամբողջությամբ, և իրո՞ք ներգրավվելու են միջադեպի բոլոր մասնակիցները։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը