Լրահոս

08.03.2017 11:35


Ուորլիք. «Հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում»

Ուորլիք. «Հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում»

«Ես կցանկանայի լսել մարդկանց ձայնը, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու եւ ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Նա նշել է, որ իր տպավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է.

«Մինչ օրս պարզ չէ, թե շփման գծում ինչ է տեղի ունենում, քանի որ չկա մի անկախ աղբյուր, որը տեղեկացներ, թե ով է սկսել եւ ով առաջինը կրակ արձակել: Նախորդ տարվա ապրիլին բազմաթիվ զոհեր եղան եւ մինչ օրս զոհերի թիվը հստակ չէ»:

Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում.

«Ստատուս քվոն կայուն չէ, այն է՛լ ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը, մինչդեռ խաղաղությունը կփոխի ամեն ինչ, այն կփոխի ամեն ինչ տարածաշրջանում: Հայաստանում այն կբերի տնտեսական աճի՝ նոր հնարավորությունների հսկայական ուղիներ բացելով»:

Նախկին համանախագահի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է.

«Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու:Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում»:

Համապարփակ կարգավորումը բազմաթիվ գործոններից է բաղկացած, եւ դրանք բոլորն էլ պետք է մշակվեն, հիշեցնում է նախկին դիվանագետը.

«Երկու նախագահներն էլ պետք է իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության: Կարեւոր է հասկանալ, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն, միեւնույն ժամանակ, պետք է խոսվի նաեւ Ադրբեջանին տարածքների վերադարձի մասին»:

Մանրամասն՝ «Ամերիկայի Ձայն»–ում

Այս խորագրի վերջին նյութերը