Լրահոս

01.03.2017 14:45


Սուր շնչառական վարակների սեզոնը դեռևս շարունակվում է. ԱՆ

Սուր շնչառական վարակների սեզոնը դեռևս շարունակվում է. ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռևս արձանագրվում է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացություն: Վերջին 10 օրվա ընթացքում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով:

Նշենք, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միևնույն ախտանշանները և տարածվում են օդակաթիլային ճանապարհով:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով և հաշվի առնելով, որ սուր շնչառական վարակների սեզոնը դեռևս շարունակվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

 խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

 եթե վատառողջ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի,

 վատառողջ երեխային թույլ մի´ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

 եթե Դուք կամ Ձեր երեխան հիվանդ եք, դիմեք տեղամասային մանկաբույժին, ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին

 մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

 հագնվե´ք և երեխաներին հագցրե´ք եղանակին համահունչ,

 պահպանե´ք և երեխաներին սովորեցրե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,

 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

 հետևե´ք Ձեր և երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով, օգտագործեք միայն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը