Լրահոս

01.03.2017 08:10


Ապրիլյան պատերազմի մասնակից. «Մեղքը Սեյրան Օհանյանի վրա բարդելը շատ սխալ է»

Ապրիլյան պատերազմի մասնակից. «Մեղքը Սեյրան Օհանյանի վրա բարդելը շատ սխալ է»

Ծագումով Թալինից Մանուել Մանուկյանն այժմ ուսանող է, սովորում է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ Ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, եղել է դիրքի ավագ, դասակի հրամանատարի պաշտոնակատար։ Ծառայության ընթացքում մասնակցել է 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմին։ Իր անձնակազմի հետ թշնամու դեմ պայքարել է Հադրութում։ Ծառայության ավարտից հետո Մանուելը հասկացել է, որ բանակում, իհարկե, շատ բան է սովորել և արել, սակայն թիկունքում ավելի շատ գործ ունի կատարելու։ Երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման ճանապարհը երիտասարդը տեսնում է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի միջոցով, որի կողքին նա այսօր կանգնած է իր զինակից ընկերների հետ։

Ներկակացնում ենք «7օր»–ի հարցազրույցը Մանուել Մանուկյանի հետ.

–Ի՞նչ խնդիրների եք ականատես եղել առաջնագծում, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։

–Նախ՝ ուզում եմ շեշտել, որ եթե սրանից 5 ամիս առաջ մենք պայքարում էինք մեր հայրենիքի սահմաններին, հիմա ժամանակն է եկել պայքարել թիկունքում։ Ինչո՞ւ ենք այդքան կարևորում թիկունքում պայքարը, քանի որ մենք մեր «սնունդը» ստանում ենք թիկունքից. առանց թիկունքի չկա ոչ մի առաջնագիծ։ Որքան այսօր մեր բնակչությունն է վստահ ու պաշտպանված զգում զինվորների շնորհիվ, այնքան էլ զինվորներն են իրենց պաշտպանված զգում թիկունքի շնորհիվ։ Մենք պայքարում ենք մեր հայրենիքի, այլ ոչ թե ինչ–որ անհատի, ինչ–որ կազմակերպության համար։ Այդ պատճառով մենք այսօր ոտքի ենք կանգնել, և ես իմ զինակից ընկերների հետ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի կողքին եմ, քանի որ նրանց գաղափարների մեջ տեսնում ենք այն ամենը, ինչն ուզում ենք ի կատար ածել։

–Փաստորեն, զինվորները նույնպես առաջնագծի անվտանգությունն ապահովելու ամենակարևոր և առաջնահերթ պայմանը տեսնում են ամուր թիկունք ունենալու մեջ։

–Այսօր շատ զինծառայողներ իրենց չգնահատված են զգում։ Իհարկե, հոգու խորքում գիտեն, որ իրենց պարտքը շատ լավ կատարել են, սակայն գոյություն ունի պետության ուշադրություն, որն այդպես էլ չեղավ։ Քառօրյա պատերազմի շատ մասնակիցներ իրենց զգում են ոչ այդքան լիարժեք, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ գրքույկներում չնշվեց, որ նրանք մասնակից են եղել քառօրյա պատերազմին։ Ինչպե՞ս կարելի է այդ պատմական փաստը հերքել և թույլ չտալ, որպեսզի մարդիկ պատմությանը ծանոթանան, և ընդամենը մի 20 տոկոս վարձի նվազեցում են սահմանել։ Կար ժամանակ, երբ բոլորն աղոթում էին այդ նույն տղաների համար, բոլորը ծնկի էին գալիս այդ տղաների համար, բոլորը հոգով սրտով այդ տղաների հետ էին։ Բա ի՞նչ եղան այդ մարդիկ, ո՞ւր գնացին։

Քանի որ ծառայությունն իր հետ բերեց այդ քառօրյա պատերազմը, մենք ականատես եղանք շատ բարդ և դժվարին ժամանակների։ Եթե ես անցել եմ ընդամենը մի քառօրյա պատերազմ, ապա ուզում եմ հիշեցնել՝ Սեյրան Օհանյանն անցել է այդպիսի մի մեծ պատերազմ, որը տեղի ունեցավ 1991 թվականին։ Ես, զգալով այդ ամենը, պատկերացնում եմ, թե նրա կատարած գործը որքան մեծ է, և այդ գործը հիմք է հանդիսանում, որ մենք հավատանք և վստահենք։

Ուղղակի մեկ բան եմ խնդրում ես իմ հայրենակիցներից, իմ ազգից։ Ոչ թե իմ ասածը լսեն, ոչ թե ինչ–որ մեկի ասածը լսեն, այլ լսեն այն, ինչն իրենք կարող են տրամաբանել։ Աստծո կողմից մարդուն տրված է մի մեծ շնորհք, որը կոչվում է ուղեղ։ Եթե ուզում եք գտնել ձեր հարցերի պատասխանը, օգտվեք ձեր ուղեղից, փորձեք տրամաբանել, համեմատականներ տարեք մարդկանց արած գործերի մեծության և փոքրության միջև, թե ով ինչ սխալներ է արել։ Ես ընտրել եմ այն մարդկանց, ովքեր հայրենիքի նվիրյալներ են եղել։ Որպես օրինակ՝ բերում եմ պարոն Օհանյանին, քանի որ նա նույնիսկ իր առողջականին վնաս պատճառելով, կյանքը վտանգելով՝ պաշտպանել է հայրենիքը։ Մի՞թե դա հիմք չէ, որ մենք վստահենք նրան։

–Իսկ ի՞նչ գործունեություն եք ծավալել ծառայությունն ավարտելուց հետո։

–Բանակից վերադառնալուց հետո ծրագիր եմ ներկայացրել։ Քանի որ չեմ կարողացել ձեռքերս ծալած նստել, ցանկացել եմ ինչ–որ կերպ օգտակար լինել բանակին։ Առաջին ծրագիրս ներկայացնելու ժամանակ պարոն Օհանյանն ինձ ընդունել է, և դա չի եղել նրա համար, որ ես ինչ–որ մի հարուստի ծանոթ եմ կամ մի ուրիշ պատճառով։ Նա ինձ ընդունել է որպես մի գյուղացի տղայի։ Այսինքն, պարոն Օհանյանը չի նայում, թե ով է ներկայացնողը, այլ նայում է ծրագրի կարևորությանը, թե դա որքան օգուտ կբերի բանակին։ Եվ նա իր համաձայնությունն էր տվել ծրագրի ի կատար ածվելուն։ Սակայն երբ դուրս եկավ պաշտպանության նախարարի պաշտոնից, իմ ծրագիրը մնաց օդում։

Ծրագիրը դիրքի ավագների պարտադիր կրթության մասին էր։ Ես այն ուղարկել եմ մի շարք մարդկանց, ովքեր գիտական աստիճաններ ունեն, տարբեր ոլորտներում շատ հայտնի են, և նրանք ուսումնասիրելուց հետո ուղղակի ապշած են մնացել և ասել, թե ինչպես կարելի է դրան չանդրադառնալ։ Նույնիսկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից նախարարին դիմում է ուղակվել՝ ծրագրին ուշադրություն դարձնելու նպատակով, սակայն ոչ մի բան։ Ես դրանից եզրակացնում եմ, որ այսօր մենք չենք կարող մեր հայրենիքին ծառայել թիկունքից, որովհետև չկան մեզ ուղեկցողներ, քաջալերողներ և աջակցողներ։

–Մամուլը, որի հրապարակումները, որպես կանոն, ուղղորդված են լինում, ապրիլյան քառօրյա պատերազմի հարցում մեղադրում է նաև Սեյրան Օհանյանին։ Դուք՝ որպես այդ պատերազմի մասնակից, նրա մեղավորությունը տեսնո՞ւմ եք։

–Այն բազմաթիվ հրապարակումները, որոնք ուղղվեցին և՛ պարոն Օհանյանի դեմ, և՛ նրանց, ովքեր ներառված են դաշինքի մեջ, համարում եմ մանրուքներ և ճղճիմ, անհիմն խոսակցություններ։ Ինչո՞վ են կարևորվում այդ խոսակցությունները, եթե մենք ունենք մի մեծ փաստ՝ Օհանյանը սկսել է իր ծառայությունը շարքային զինվորից, ինչպես որ ես։ Ո՞վ կարող է լինել ավելի լավ առաջնորդ, եթե ոչ ավելի շատ փորձ ունեցողը, ավելի շատ տեսնողը։ Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ ուսուցման ամենալավ տարբերակը պրակտիկան է։ Փորձ ունեցող մարդը, ով սկսել է ամենացածր ուղուց, գիտի, թե ինչ է զգում ամենաներքևի մարդը։ Մենք ընտրում ենք մեզ առաջնորդ այն մարդուն, ով ավելի ճիշտ ուղով է մեզ տանում։

Քառօրյա պատերազմի համար եթե մեղավոր ենք փնտրում, ապա մեղավոր ենք բոլորս՝ ինձանից սկսած։ Չի կարելի այդքան մեծ իրադարձությունը բարդել մի նախարարի վրա և ասել, որ նա է մեղավոր։ Ես կուզեմ նաև նշել, որ պաշտպանության նախարարը չի զբաղվում բանակի պաշտպանության գործով։ Ես կարող եմ այսպես ասել՝ հարգելի՛ ծնողներ, դպրոցներ, մանկապարտեզներ, եթե դուք մեղավորներ եք փնտրում, ուրեմն իմացեք, որ բոլորս մեղավոր ենք։ Եթե դուք 18 տարի երեխա եք պահում և չեք կարողանում դաստիարակված ուղարկել բանակ, ապա դա ձեր մեղքն է։ Բանակն ընդունում է մանկապարտեզի, դպրոցի և համալսարանի տվածը, և հենց այնտեղ են երևում այդ արդյունքները։ Եթե բանակ է գնում չդաստիարակված, չկրթված զինծառայող, ապա պատկերացրեք՝ այդքան բարդ կառույցում ո՞նց կարող է բանակը նրան դաստիարակել, մարտական գործողություններ կատարել, ինչքանո՞վ դա կարելի է ճիշտ համարել։ Մեղքը Սեյրան Օհանյանի վրա բարդելը շատ սխալ է, քանի որ մենք բոլորս մեր մեղքի բաժինն ունենք։ Եթե Սեյրան Օհանյանը սխալ է, ապա կա՞ այդպիսի մարդ, որ կատարյալ է և անթերի։ Բոլորս էլ մեղավոր ենք, քանի որ մենք բոլորս էլ մեր ձևով ունեցել ենք մեր սխալները թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ մնացած ամեն ինչում։

–Խնդրում եմ, մի փոքր մանրամասնեք, թե ինչ է կատարվել քառօրյա պատերազմի օրերին, ինչ մարտական գործողությունների եք մասնակցել։

–Քառօրյա պատերազմի ժամանակ՝ առաջին իսկ պահից սկսած մինչև ծառայությանս վերջը, եղել եմ առաջնագծում։ Եղել ենք մեր կազմով և չենք ունեցել ոչ մի անմիջական հրամանատար մեզ հետ, ես եմ եղել հրամանատարը, և կոնկրետ այդ տարածքում ես եմ ղեկավարել իմ բոլոր զինակից ընկերներին։ Շատերը չեն գիտակցում, թե ինչ է նշանակում մարտական ընկեր։ Դա մի այնպիսի զգացողություն է... ես նրանց ինձ հարազատ եղբայրներ եմ համարում։ Ունեմ նաև ֆեյսբուքյան էջ՝ «Քառօրյա պատերազմի մասնակիցներ», և մենք բոլորս, ովքեր ծառայությունն ավարտել ենք և հետ վերադարձել, հավաքվել ենք այնտեղ, քանի որ չենք կարող մոռանալ այդ պահերը։ Կորուստներ ունեցել ենք, բայց շատ քիչ։ Բոլոր այն տղաները, անկախ նրանից, եղել են հացթուխ, թե գտնվել են մեկ ուրիշ դիրքում, ովքեր եղել են առաջնագծում, բոլորի գրքույկներում պարտադիր պետք է նշվի, որ նրանք անցել են քառօրյա պատերազմը և տեսել են այդ ամենը։ Դա պատմություն է, դա չի կարելի հերքել։ Մեզ պետք չէ վարձը, որ 20 տոկոս նվազեցնում են, իսկ փաստը հերքելը սրբապղծություն եմ համարում։

Ուզում եմ կոչ անել քառօրյա պատերազմի մեր բոլոր մասնակից տղաներին՝ թող կապվեն ինձ հետ։ Մենք միասին կսկսենք այս նոր պայքարը, միասին կհասնենք նրան, որ վերականգնվի արդարությունը, մարդիկ կհասկանան, որ չի կարելի չարաշահել համբերությունը։ Միայն կանգնելով և խոսելով չէ։ Այնքան տղաներ կան, որ այսօր իրոք մեծ գործ են անում, բայց չեն խոսում, ուղղակի իրենց գործն են անում։ Մեր թիկունքը մեր «սնունդն» է, եթե չլինի «սնունդը», ապա հույս չունենաք առաջնագծից, քանի որ առանց «սնունդ» ոչ ոք չի կարող արդյունքի հասնել։

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ամիսներ առաջ վստահեցիք մեզ ձեր մարտական դիրքերը, վստահեցիք մեզ ձեր հայրենիքի պաշտպանությունը, այսօր պահն է եկել, որ մեզ վստահեք նաև այլ հարցերում։ Հավատաք և փորձեք օգնել ամեն կերպ՝ ոչ թե խոսելով, այլ կոնկրետ գործեր անեք, լինեք մաքուր և արդար։ Արդարությունը վերականգնում է ամեն բան, բոլորդ ստանալու եք ձեր հասանելիքը, եթե լինեք արդար։ Ես ապրում եմ իմ հայրենիքում, ես պայքարել եմ և պայքարելու եմ մինչև վերջ նրա համար, որովհետև կյանքում դեռ մեռնել կա։ Մենք մեր պապերի առաջ պետք է կանգնենք և նրանց պատասխան տանք, որ նրանց տանջանքով և տառապանքով ձեռք բերած այս հողը, որ 25000քմ/կմ տարածքով ամբողջ աշխարհով համարվում է սրբավայր, մեր պատասխանատվության տակ է։ Պետք է պահենք և փոխանցենք մեր հետագա սերունդներին, քանի որ նրանք մեզ հարցեր են տալու՝ ո՞ւմ եք տվել։ Եվ մենք պետք է ունենանք այդ պատասխանը։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը