Հարցազրույց

12.11.2010 15:00


Վահան Մելքոնյան, Գայանե Արշակյան

Վահան Մելքոնյան, Գայանե Արշակյան

Հարցազրույց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի և նույն գործարանի կաուչուկի լաբորատորիայի լաբորանտ Գայանե Արշակյանի հետ

Նախ ներկայացնենք Վահան Մելքոնյանի հետ «7օր»-ի հարցուպատասխանը.

-Պարո՛ն Մելքոնյան, ինչո՞ւ չի աշխատում «Նաիրիտ» գործարանը։

-Գործարանը չի աշխատում, որովհետև անցած տարվա ճգնաժամից հետո ունեցավ լուրջ ֆինանսական խնդիրներ, իսկ այս տարվա սկզբից դադարեցվեց գործարանի ֆինանսավորումը՝ գործարանի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Մենք սպասում ենք, որ կընդունվի որոշումը համապատասխան մարմինների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի իշխանության, և կվերականգնվեն վերակառուցման աշխատանքները, և դրա հետ միասին էլ կգործարկվի գործարանը։ Եթե մենք հույս չունենայինք, որ այդ ծրագիրը տեղի կունենա, մենք այս իրավիճակը՝ մարդկանց թողնել աշխատանքում, կուտակել աշխատավարձի պարտք, իհարկե, դրան չէինք գնա։ Այն հանգամանքը, որ սա ձգձգվել է, տեխնիկական և ավելի շատ քաղաքական հանգամանք է։ Կարծում ենք, որ մոտ ժամանակներում այդ հարցը կկարգավորվի։ Այսինքն, պարտքն առաջացել է այն պատճառով, որ մենք ուշացրել ենք այդ որոշումների ընդունումը։

-Քաղաքական ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։  

-Նկատի ունեմ այն հանգամանքը, որ գործարանը, ըստ էության, աշխատում է 99%-ով դեպի արտասահման։ Մեր արտադրանքը հիմնականում իրացվում է դրսում։ Եվ այդ կապակցությամբ Հայաստանի տնտեսության վրա գործարանի անդրադարձն ընդամենը նրանում է, որ մենք այստեղ գնում ենք Հայաստանի ներքին գներով բավականին թանկ բնական գազ, բավականին թանկ էլեկտրաէներգիա և շատ թանկ ջերմային էներգիա։ Այդ պայմանները թույլ չեն տալիս, որ մենք այսօր կարողանանք ունենալ մրցունակ գին։ Եվ դա լուրջ պրոբլեմ է, և դա Հայաստանի տնտեսության հետ է կապված, ոչ թե միջազգային շուկայի։

-Դա տնտեսական պատճառ էր, քաղաքական չէր։

-Դա քաղաքական խնդիր է։ ՀՀ-ում նման գործարան ունենալը պետք է պայմանավորված լինի նաև համապատասխան մոտեցումով։ Եթե գործարանի նկատմամբ դրսևորվի նույն տեսակի քաղաքականություն, ինչպիսին կարող է դրսևորվել փո՛քր ձեռնարկությունների նկատմամբ, ոչ քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների նկատմամբ, ապա այդ դեպքում քիմիական արդյունաբերության ապագան բավականին աղոտ է։

-Խոսակցություններ կան, թե «Նաիրիտ» գործարանը պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Այս մասի՞ն ինչ կասեք։

-Ես չէի ուզենա որևէ ասեկոսե մեկնաբանել, բայց թե ո՞ւմ է պատկանում գործարանը, գրված է գործարանի կայքում։

-Տիգրան Սարգսյանն ընդհանրապես ոչ մի առնչություն չո՞ւնի գործարանի հետ։

-Ինչպե՞ս չունի։ Նա ՀՀ վարչապետն է, գործարանը գտնվում է Հայաստանում. իհարկե՛ ունի։

-Հրամաններ արձակելու, գործարանում հարցեր լուծելու, որոշումներ կայացնելու առումով եմ ասում։

-Ո՛չ։ Որպես ՀՀ վարչապետ, որպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ նույն չափով էլ նա կապ ունի «Նաիրիտ» գործարանի հետ։ Իսկ այդ ասեկոսեների պատասխանն արդեն մեկ տարի է՝ դրված է գործարանի կայքում։

-Հնարավո՞ր է, որ հատկապես այս բողոքի գործողությունից հետո կրճատումներ լինեն գործարանում՝ թեկուզ որպես ցուցարարներին պատժող միջոց։

-Բացատրեմ։ Եթե մենք չգտանք այն քաղաքական լուծումը, որը  պետք է թույլ տա, որ քիմիական արդյունաբերությունը Հայաստանում գոյություն ունենա, շատ հավանական է, որ մենք կունենանք խնդիրներ, որովհետև քիմիական արդյունաբերությունը սարսափելի շատ էներգատար է։ Գործարանը կառուցվել է սովետական ժամանակ՝ առանց հաշվի առնելու բազմաթիվ՝ շուկայական տնտեսությանը հարազատ պահանջները։ Եվ այսօր մենք ջերմային էներգիայի կորուստ ենք ունենում՝ 60%, արդյունավետ ենք օգտագործում միայն 40%-ը։ Այսինքն, մենք ավելի շատ տաքացնում ենք Երևանի օդը, քան քիմիական արտադրանք ենք տալիս։ Սրանք խնդիրներ են։ Սա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածության հարթակ։

-Իսկ քանի՞ հոգու եք մտադիր կրճատել, եթե այդ քաղաքական լուծումը չգտնվի։

-Մտադրություն չունենք կրճատելու։ Այս չորսուկես ամիս է, մենք պարտքեր ունենք աշխատավարձի։ Ես մտադրություն ունենայի, կրճատել-պրծել էի արդեն։ Նման մտադրություն չունեմ։ Ես մտադրություն ունեմ գործարանը ոչ միայն վերագործարկելու, այլև վերակառուցելու։

-Աշխատակիցները դժգոհում են, որ գործարանի ադմինիստրացիան իրականում ոչ մի գործ էլ չի անում, բայց բարձր աշխատավարձ է ստանում։

-Դա տեղի է ունեցել վերջին փուլում՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործարանը պատրաստվում է մեծածավալ ներդրումների, և պետք են իրոք բավականին թվով վարչական աշխատողներ, ինչը թույլ կտա ծրագրեր մշակել, դրանք թարգմանել տարբեր լեզուներով, ֆինանսական գնահատականներ պատրաստել, միջազգային շուկայի կոնյուկտուրան ուսումնասիրել, ինչը երբեք չի եղել։ Այդ բոլորը տպավորություն է առաջացրել։ Եթե մենք ուզում ենք, որ վերակառուցենք, մենք պետք է զինված լինենք գիտելիքներով։ Ձեր այդ հարցադրումը ես չեմ ընդունում։

-Բայց պարտադի՞ր է, որ նրանք այդքան բարձր աշխատավարձ ստանան, իսկ մյուս աշխատողների աշխատավարձերը չբարձրանան։

-Իսկ ո՞վ ասաց, որ աշխատողների աշխատավարձերը չեն բարձրացվել։ Աշխատավարձի բարձրացման հրամանը վերաբերել է բոլոր աշխատողներին։

Ներկայացնում ենք նաև Գայանե Արշակյանի հետ «7օր»-ի հարցուպատասխանը.

-Ձեր հիմնական բողոքը ո՞րն է։

-Մեր հիմնական բողոքն այն է, որ գործարանն աշխատի, և մեր աշխատավարձերը տա Մելքոնյանը, իր խոստացած աշխատավարձը։ Պետք է անցած տարվա հոկտեմբեր ամսից բարձրացներ 20%-ով, բայց չի բարձրացրել, չենք ստացել ոչ մի դրամ։ Մենք պահանջում ենք, որ գործարանն աշխատի։ Մելքոնյանը չի կարողանում՝ թող հեռանա։ Մի լավ մարդ կգա, որ կկարողանա աշխատեցնել։ Մենք ունեինք այդ տեսակ տնօրեն։ Նրան հանեցին, ինքը եկավ ու այսպես արեց ժողովրդին։ Մեղք չե՞նք մենք։

-Որքա՞ն ժամանակ է, որ Վահան Մելքոնյանը տնօրեն է։

-Մոտ 3 տարի։

-Բայց Մելքոնյանը մեզ ասում էր, որ բարձրացրել են բոլոր աշխատողների աշխատավարձերը։

-Սո՛ւտ է ասում։ Նման բան չկա, հարցրե՛ք բոլորին։ Միայն այն արտադրամասին, որ պայթեց, փող են տվել։ Մենք էլ մերը պայթացնե՞նք, որ մեզ փող տան։

-Աշխատակիցները նաև դժգոհում են, որ գործարանի ադմինիստրացիան բարձր աշխատավարձ է ստանում։ Այդպե՞ս է։

-Այո՛։ Ստանում են միլիոններ։ Ադմինիստրացիայի աշխատավարձը սկսում է 300 հազ.-ից, մինչև 3-4 մլն։ Դա աբսուրդ է, այդպիսի աշխատավարձ գոյություն չի ունեցել ոչ մի տարի։ Ադմինիստրացիայում բոլորը Մելքոնյանի ծանոթներն ու բարեկամներն են։ Առաջ, որ մենք կարողանում էին տնօրենի աշխատասենյակ մեկ մատի թխկթխկացնելով մտնել, իրենց մոտ հիմա հասնելու համար մենք 5 դուռ ենք անցնում, որ նոր թույլ տան։ Դա էլ հարց է՝ թույլ կտա՞ն, թե՞ ոչ։ Հետո էլ կհերթագրեն, որ նոր դու կարողանաս ինչ-որ մի տնօրենի տեսնես։ Ու իրենք ուզում են՝ իրենց պարոն ասենք. ինչի՞ համար, ի՞նչ է արել, որ պարոն է ինքը։ Իրենց տանը թող պարոն լինի, բայց իմ համար Մելքոնյանը սովորական մարդ է, մարդ էլ չէ, չի կարելի մարդ ասել այդ գայլի ոհմակին։

-Դուք ՀՀ նախագահին ներկայացրել եք ձեր պահանջները։ Ի՞նչ եք նրանից ակնկալում։

-Ուզում ենք, որ նախագահն իրեն ասի՝ ա՛յ ոչխար, եթե չես կարողանում աշխատեցնել, հեռացի՛ր։

-Վահան Մելքոնյանը նաև հերքում էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է պատկանում «Նաիրիտը»։

-Վարչապետի եղբայրն է մեզ մոտ աշխատում՝ Աշոտ Սարգսյանը։ Չգիտեմ՝ Մելքոնյանն ումից ի՞նչ ակնկալիք ունի, դա իր ներքին խոհանոցն է։ Շաբաթվա այս գլխից Մոսկվայում է, այն գլխից Մոսկվայում է։ Ո՞վ է տեսել՝ տնօրենն այդքան Մոսկվա գնա։ Որովհետև իր ընտանիքն այնտեղ է։

-Ի՞նչ եք հետագայում պատրաստվում անել։ Որքա՞ն եք գործադուլ անելու։

-Մինչև ինքը մեր աշխատավարձը չբարձրացնի, չաշխատի գործարանը, մեր աշխատավարձերը լրիվ չտա, մենք այս քայլին ենք դիմելու։ Մենք չենք գնալու տուն, թող ամբողջ աշխարհն իմանա։ Այդ որ գնում-մուրում են աշխարհից, թող բերեն այդ մուրացածի կեսի կեսի կես տոկոսն էլ մեզ տան։

Հարցազրույցները վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը