Լրահոս

27.02.2017 13:31


Մանրամասներ Թլիկ գյուղի մոտ տաքսու վարորդի սպանությունից

Մանրամասներ Թլիկ գյուղի մոտ տաքսու վարորդի սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության հանգամանքները։

2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Կ. Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ։

Դեպքի վայրի զննությամբ՝ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ: Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել Գյումրի քաղաքի 24-ամյա մի բնակիչ։ Վերջինս հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ և ցանկություն է հայտնել հանրային պաշտպան ունենալ։

Կ.Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հարցաքննվել մի շարք անձինք, նրանց թվում՝ դեպքին ականատես վկա։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը