Լրահոս

12.11.2010 09:48


Հայաստանն ու հայկական տարազի պատմությունը եվրոպացի նկարիչ-մոդելավորողների ուշադրության կենտրոնում

Հայ նկարիչ-մոդելավորողները եւ նրանց գործընկերները Եվրամիության երկրներից կստեղծագործեն միասին եւ փոխադարձ այցելությունների ընթացքում կծանոթանան միմյանց մշակույթներին' իրենց տպավորություններն ու խոհերն արտացոլելով սեփական աշխատանքներում:

Բրիտանական խորհուրդը նախաձեռնում է «Նորաձևության ճանապարհ' երկխոսություն սահմանների խաչմերուկում»երկամյա ծրագիրը: Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում և Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին կստեղծեն 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որը կցուցադրվի Հայաստանում եւ ծրագրին մասնակից եվրոպական 5 երկրում: Հայաստանում եւ Եվրոպայում ցուցադրվելուց հետո Բրիտանական խորհուրդը հավաքածուն կնվիրի հայաստանյան թանգարաններից մեկին:

Ծրագրի նպատակն է հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների միջեւ մասնագիտական կապերի հաստատումը, գիտելիքների եւ փորձի փոխանակումն ու համատեղ արտադրանքի ստեղծման խրախուսումը:

Մինչ հավաքածուի ստեղծումը հայ եւ արտերկրի 10 նկարիչ-մոդելավորող փոխայցելության միջոցով կծանոթանան միմյանց մշակույթներին, կբացահայտեն ազգային տարազների ստեղծման պատմությունն ու ավանդույթները: Այցերից հետո նրանք ձեռնամուխ կլինեն հավաքածուի ստեղծման աշխատանքներին:

Բրիտանական խորհուրդը ծրագիրն իրականացնում է Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնի հետ համատեղ: Միջազգային այս կազմակերպությունները հանդիսանում են Ազգային մշակույթների եվրամիության ինստիտուտների (European Union National Institutes for Culture -EUNIC) անդամ: «Նորաձևության ճանապարհ' երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը մեր երկրում միջազգային այդ կազմակերպությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է: Ծրագիրը համաֆինանսավորում է Եվրամիությունը: Հայաստանյան գործընկերն է Հայկական նորաձեւության խորհուրդը:

Ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 11-12-ը: Հայաստան կժամանեն Եվրամիության գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները' մասնակցելու աշխատաժողովին, որի ընթացքում կքննարկվեն ծրագրի իրականացման ընթացքն ու կսահմանվեն նկարիչ-մոդելավորողների ընտրության կարգը: 

Այս խորագրի վերջին նյութերը