Լրահոս

12.11.2010 09:37


Է. Նալբանդյան. «Հայաստանի և Թուրքիայի միջև չկա «լուռ դիվանագիտություն»»

Պաշտոնական այցելությամբ Հնդկաստանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Հնդկաստանի գործընկերոջ Սոմանահալլի Մալլայահ Կրիշնայի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Դելի' Հնդկաստանի  ԱԳ նախարարն ասաց. «հայ-հնդկական բարեկամության պատմական հարուստ ավանդույթներ գոյություն ունեն եւ Հնդկաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները առավել խորացնելու համար»։ 

Շնորհակալություն հայտնելով Հնդկաստանի իր գործընկերոջը Դելի այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար' Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս  Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը' մի երկրի, որի հետ Հայաստանին միավորում է երկու ժողովուրդների միջեւ հարուստ պատմությունը եւ քաղաքակրթական առնչությունները: «Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ չկա որեւէ խնդիր, որ բաժանում է կողմերին, այլ կան շատ գործոններ, որոնք միավորում են մեր երկրներին: Տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ մեր պետությունները ունեն փոխըմբռնում, նույնանման կամ շատ մոտ դիրքորոշումներ», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

Հայ-հնդկական բարեկամական գործընկերությանը նոր լիցք հաղորդելոււ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց 2011 թ. Հնդկաստան ՀՀ Նախագահի այց կազմակերպելու մասին:

Նախարարներ Նալբանդյանն ու Կրիշնան նշեցին, որ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում վերջին տարիների արդյունավետ համագործակցությունն ամրապնդել է փոխվստահությունը կողմերի միջեւ, եւ առակ է երկու երկրների քաղաքական կամքը եւ պատրաստակամությունը  ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ, ընդգրկելով փոխգործակցության նոր բնագավառներ:

Էդվարդ  Նալբանդյանն ու Սոմանահալլի Կրիշնան հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Հնդկաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի հաջորդ նիստի գումարմանը, ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդակցությունների աշխուժացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Նախարարները կարեւորեցին միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում  կուտակած փորձառության ընդլայնումը, զբոսաշրջությունը խթանող քայլերի ձեռնարկումը:

Նախարարները բարձր գնահատեց հնդկահայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ժառանգության ստեղծման, պահպանման եւ հարստացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Կաշմիրի հարցում Հայաստանի դիրքորոշումը եւ շնորհակալություն հայտնեց հնդիկ գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

 

Իր հերթին նախարար Կրիշնան ասաց, որ Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի մշտական աջակցությունը իր երկրի համար կարեւոր հարցերում, մասնավորապես Կաշմիրի խնդրի առնչությամբ:  

Նախարարները ընդգծեցին, որ առկա խնդիրներին կրոնական երանգ տալու փորձերը ապակառուցողական են եւ կարող են միայն բարդացնել կարգավորման հեռանկարները, եւ հարկավոր է դրանք լուծել միայն բանակցությունների միջոցով' խաղաղ ճանապարհով:

 Էդվարդ Նալբանդյանն Հնդկաստանի իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նախարարներն շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների մասնավորապես' ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Կրիշնան շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամության հարցում Հայաստանի աջակցության համար:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում Հնդկաստանի մշակութային կենտրոնի հիմնադրման եւ հայաստանյան ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի ստեղծման հնարավորությունները :

Հանդիպումից հետո Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների ներկայությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը եւ Հնդկաստանի մշակույթի նախարարության պետքարտուղար Ջավար Սիրկարը ստորագրեցին Հայաստանի եւ Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2011-2012 թթ. մշակութային   համագործակցության մասին հուշագիր:

 Առավոտյան Էդվարդ Նալբանդյանը նաեւ ընդարձակ հարցազրույց տվեց Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը: 

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը այցելեց Միջազգային հարաբերությունների հնդկական  Խորհուրդ, ուր հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով, որին ներկա էին Նյու-Դելիում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ լրագրողներ:

Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց. "Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին քննարկելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն հրապարակվեց, որն ընդգծում էր, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հիմնախնդրին կարգավորման համար հարկավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխադարձ վստահության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար: Որպես առաջին քայլ ձեռք բերվեց համաձայնություն փոխանակելու ռազմագերիներին եւ վերադարձնելու զոհվածների դիակները:

Աստրախանի հանդիպումից հետո պայմանավորվածությունները սկսեցին իրագործվել: Սակայն ցավալի է, որ անգամ այս փոխանակումը Ադրբեջանի կողմից շահարկվեց հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով:

Նոյեմբերի 7-ին, այդ առթիվ կազմակերպված հատուկ արարողության ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հայտարարեց հիմնախնդրի լուծման համար ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Նա ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինվորին, ով շփման գծում դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել էր հինգ եւ վիրավորել երեք հայերի' նշելով, որ «կան տասնյակ հազարավոր այդպիսի հերոսներ... որոնք սպասում են Գերագույն Հրամանատարի հրահանգին»: Նա մի քանի անգամ հիշատակեց մահապարտ «շահիդներին»՝ խաղալով Ադրբեջանի բնակչության կրոնական զգացմունքների հետ եւ նշելով, որ դա կարող է օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Նա թմբկահարեց, որ իր երկիրը «ունի ոչ միայն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարավորություններ, բանակը եւս մեծ վերելք է ապրում»:

Զարհուրելի է, որ անգամ ելույթ ունենալով երեխաների առջեւ' դպրոցի բացման արարողության ժամանակ, Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում թմկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով' պնդելով, որ  Հայաստանը եւ Երեւանը ադրբեջանական հող է ու դրա մասին պետք է մանուկները իմանան:

Սա 1939 թվականի Գերմանիան չէ, սա 2010 թվականի Ադրբեջանն է:

2004-2011թթ. ընկած ժամանակահատվածում, ընդամենը 7 տարում, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է մոտ 18 անգամ: Եվ գրեթե կրկնապատկվել է 2010-ից 2011-ին: Եթե այն այս տարի կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 10 տոկոսը, ապա 2011-ին ՀՆԱ-ի լինելու է մոտ 20 տոկոսը:

Ադրբեջանի կողմից սանձազերծված նախորդ պատերազմի վերքերը դեռ չեն ապաքինվել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում: Եվ նավթի եկամուտներից հոսող գումարներն ուղղվում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը:

Եթե Ադրբեջանը ցանկություն ունի գնալու ղարաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ուղղորդի նման անհիմն եւ սադրիչ գործողությունների վրա վատնվող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, ոչ թե ձեւական, այլ գործնական մասնակցություն ունենալուն:"

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Հայաստանի եւ Թուրքիայի միջև բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ոչ «լուռ դիվանագիտություն», ոչ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ոչ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք, եւ որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»: Հռոմեական փիլիսոփա-կայսր Մարկոս Աուրելիոսի հայտնի "Մտքերը" վերնագրված էին «Ինքս ինձ մտքեր հասցեագրելով»: Փիլիսոփաները կամ որոշ կայսրեր հավանաբար իրենց մտքերը հասցեագրել են հենց իրենց: Իսկ դիվանագետները իրենց մտքերը հասցեագրում են այլ դիվանագետների, եթե նպատակ ունեն դիվանագիտական լուծումներ գտնել:

 Միակ քայլը, որ մնում է այս երկարատեւ գործընթացում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է առանց հավելյալ ձգձգումների: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների»։

Ելույթից հետո, Միջազգային հարաբերությունների հնդկական  Խորհրդի տնօրեն Սուդհիր Դեվաերի հետի հետ կայացած հանդիպման ընթացքում, Էդվարդ Նալբանդյանը քննարկեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Խորհրդի միջեւ համագործակցության հնարավորությունները:   

Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Կալկաթա, ուր հանդիպում կունենա Արեւմտյան Բենգալի նահանգապետի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  

Այս խորագրի վերջին նյութերը