Լրահոս

12.11.2010 09:34


«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության հայտարարությունը

«Նա , ում զորքերը մշտապես հավաքվում են փոքր խմբերով մեկ այստեղ, մեկ այնտեղ,

քչփչում են միմյանց միջեւ' կորցրել են իրենց իշխանությունը բանակի վրա:

Նա, ով հաճախ է բաժանում պարգեւներ' գտնվում է ծայրահեղ դժվարության մեջ:

Ով հաճախ է կիրառում պատժամիջոցներ' գտնվում է շատ բարդ իրավիճակում:

Նա, ով սկզբում շատ դաժան է, իսկ հետո վախենում է մարդկանցից' իրենից ներկայացնում է

հիմարության օրինակ»։

Սյուն Ձի, «Պատերազմի արվեստը» տրակտատից, գլուխ 9

Հարգելի հայրենակիցնե'ր:

Ապօրինի իշխանությունները թ'ե արտաքին եւ թ'ե ներքին մարտահրավերները դիմակայելու անզորությունից հայտնվել են ցուգցվանգի մեջ:  Ժողովրդի ցասումից վախեցած ավազակապետերը դիմում են խաբկանքի տարբեր միջոցների. մեկ կարմիր ժապավեններ են կտրում փոքրիկ առեւտրի կրպակների բացման կապակցությամբ, մեկ խմբերով պնակալեզ մտավորականների տարբեր պարգեւների ու կոչումների են արժանացնում, մեկ «Սյունյաց» տարբեր թեւավորների անվամբ ՀԿ-ների բերանով ֆաշիստական բնույթի հայրենասիրական դասեր են կարդում, մեկ էլ պայծառատեսում ու անկոտրում պայքար են մղում չարագույժ ու աղետաբեր կոռուպցիայի դեմ' պաշտոնանկ անելով փոքրիկ չինովնիկների, մեկ էլ Գիննեսի Գրքում գրվելիք ճամարտակ ծրագրեր իրականացնում' չնայած երկրի կործանված վիճակին...

Իսկ իրավիճակն իրականում անվերահսկելի է, ինչը մինչեւ կոկորդը հանցագործությունների մեջ խրված իշխանությունների ուժերից վեր է: Ուստի հասկանալի է, բայց ոչ ընդունելի, որ նրանք վախենալով միջազգային վերահսկողությունից ու հետապնդումից սկսել են ճամպրուկներով ազգից գողացածն ու թալանածը օր առաջ դուրս հանել երկրից' «հայդե' Փարիզ»:

Հայրենակիցնե'ր, ժամանակը չէ արդյո՞ք դասեր քաղել պատմությունից:  

Ձեզ ենք դիմում Հայ մեծերի խոսքերով:

«Բոցավառել ժողովրդի ազատասիրական կայծերը, կռվել բռնության եւ անարդարության դեմ, հեղափոխել հին դրությունը ... փշրել ստրկության շղթաները  եւ հասնել ազատության ու մարդկային իսկական կյանքի»։

«Հե՛յ ջան տղերք, մե՛կ էլ, մե՛կ էլ մի զարկ տվեք,  մի զա՛րկ տվեք ցարի գահին, որ ջախջախվի նա հիմնովին»։

«Ժողովրդի իշխանություն» հասարակական -քաղաքական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը