Լրահոս

17.02.2017 12:30


Տ. Մուկուչյանը ներկայացրել է ընտրողների գրանցման սարքերի վերաբերյալ տեղեկություններ (տեսանյութ)

Տ. Մուկուչյանը ներկայացրել է ընտրողների գրանցման սարքերի վերաբերյալ տեղեկություններ (տեսանյութ)

Փետրվարի 17–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրատվամիջոցներին ներկայացրել է տեղեկատվություն՝ փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների՝ էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման վերաբերյալ։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասյօր ներկայացրել է ընտրողների գրանցման սարքերի վերաբերյալ տեղեկություններ։ Ասուլիսին ներկա են եղել նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

Ապրիլի 2-ին ընտրողը մոտենալու է մասնագետին, ներկայացնելու է անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր: Մասնագետն այն անցկացնելու է սարքի միջով, և ընտրողի տվյալները հայտնվելու են էկրանին, ինչի շնորհիվ էլ պարզ է դառնալու՝ արդյոք ընտրողն առաջի՞ն անգամ է մասնակցում քվեարկությանը, եկել է կրկնակի քվեարկությա՞ն, թե ընդհանրապես այդ տեղամասի ընտրող չէ: Եթե ընտրողն իսկապես եկել է առաջին անգամ քվեարկության, էկրանին կանաչ լույս է վառվելու, ընտրողից վերցվելու է մատնահետք, որից հետո սարքն արդեն տպելու է տվյալ անձի լուսանկարը պարունակող կտրոնը, որի միջոցով էլ անձը մասնակցելու է քվեարկությանը: Եթե ընտրողը 2–րդ անգամ է եկել քվեարկության, կարմիր լույս է վառվելու էկրանին, և մասնագետը պարտավոր է լինելու անմիջապես ոստիկանություն հրավիրել: Եթե պարզվում է, որ անձը տվյալ ընտրական տեղամասի ընտրող չէ, դեղին լույս է վառվելու, որից հետո անձը պարտավոր է լքել տարածքն ու գնալ ընտրության այնտեղ, որտեղ հաշվառված է:

Ակնկալվում է, որ առաջիկա ընտրություններին մինչև 900 ընտրող ունեցող տեղամասերում տեղադրվելու է մեկական սարքավորում, իսկ 900-ից ավելի ընտրողի դեպքում` 2 և ավելի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ամենաշատ թեկնածու առաջադրվել է Հայաստանի Կոտայքի մարզում:

–Կոտայքի մարզում տարածքային ցուցակով առաջադրվել է 110 քաղաքացի, իսկ ամենաքիչ թեկնածուներն առաջադրվել են Արարատի և Տավուշի մարզերում` յուրաքանչյուրում 60 թեկնածու,–նշել է Մուկուչյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը