Աշխարհ

16.02.2017 14:42


Իրանի ԱԳՆ–ից պատասխանել են Էրդողանի մեղադրանքներին

Իրանի ԱԳՆ–ից պատասխանել են Էրդողանի մեղադրանքներին

Իրանի արտգործնախարարությունը պատասխանել է Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս մեղադրել էր Թեհրանին Իրաքը և Սիրիան մասնատելու մտադրություն ունենալու մեջ` խոսքի մեջ օգտագործելով «պարսկական ազգայնականություն» եզրույթը:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Doğan»–ին հղումով։

Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքում Իրանի ներկայությունը հիմնված է այդ երկրի օրինական իշխանության խնդրանքի վրա և նպատակ ունի պայքարել այն ահաբեկչությանը դեմ, որի վատ հետևանքները բազմիցս թափանցել են մինչև Թուրքիայի սիրտը:

«Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովումն է: Այս խնդիրը չի կարող լուծվել առանց տարբերելու ահաբեկիչներին աջակցող քաոսի դերակատարներին և իրական կայունություն ցանկացողներին:

Տարածաշրջանի առաջնորդների շարքում պարոն Էրդողանը ամենից լավը պետք է իմանա տարածաշրջանում ու հատկապես Իրաքում Իրանի կառուցողական դերի մասին:

Մտահոգիչ է տարածաշրանի ահաբեկչական խմբավորումներին բացահայտ կամ գաղտնի կերպող աջակցելն ու օգտագործելը, հարևան երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չհարգելը, որոնք էլ դառնում են տարածաշրջանի անկայունության շարունակման պատճառ»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ քննադատել էր Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ասելով. «Ոմանք Իրաքի և Սիրիայի մասնատումն են ցանկանում: Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատողներ կան: Այնտեղ կրոնական և էթնիկ պայքար կա, քանի որ այնտեղ պարսկական ազգայնականություն կա: Այդ պարսկական ազգայնականության հետևանքով այնտեղ մասնատման գործընթաց կա: Պետք է կանգնեցնեք նրանց»:

Այս խորագրի վերջին նյութերը