Աշխարհ

14.02.2017 10:19


Եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել արք․ Արամ Աթեշյանի պատճառով

Եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել արք․ Արամ Աթեշյանի պատճառով

«Ակոսի» փոխանցմամբ՝ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հրաժարական է տվել։

Իր հրաժարականի մասին Մաշալյանը գրավոր հայտարարություն է տարածել, որում նշել է, թե այդ քայլին է գնում Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արք․ Արամ Աթեշյանի ցուցաբերած պահվածքի պատճառով։

Սահակ Մաշալյանն իր հայտարարության մեջ մեղադրել է արք․ Արամ Աթեշյանին՝ ժամանակին պատրիարքի տեղապահի ընտրությունն արգելելու, ինչպես նաեւ այս տարվա Սուրբ ծնունդին հավատացյալներին տված խոստումը դրժելու մեջ։ Մաշալյանի խոսքով՝ արք. Աթեշյանը խոստացել էր պատրիարքի ընտրությունների համար դիմել նահանգապետարան, սակայն վերջին պահին ասում է, որ չի դիմելու, քանի որ հայ համայնքից Պետրոս Շիրինօղլուին Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, թե պետք է սպասել հանրաքվեի ընտրություններից հետո։

Եպիոսկոպոս Մաշալյանը հիշեցրել է, որ հայ եկեղեցու 1717 տարվա պատմության մեջ երբեք այսքան երկար ժամանակ առանց պատրիարք կամ առանց կաթողիկոս ժամանակշրջան չի եղել, իսկ այս պահին արք․ Արամ Աթեշյանի պատճառով այդ ամենը տեղի է ունենում։

Իր հայտարարության վերջին մասում Մաշալյանը նշել է, որ հրաժարական է տալիս Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդի պաշտոնից, Հովակիմ 1461 հիմնադրամի երկրորդ նախագահի պաշտոնից ու հանում իր թեկնածությունը պատրիարքի ընտրություններում։

«Մի հոգու հաճույքների համար ամեն տեսակ արտոնություններ տվող հիմադրամների ղեկավարներին, եկեղեցու ու համայնքի խնդիրները բանի տեղ չդնող ժողովրդի համար արդեն չեմ ուզում ծառայել։ Լքում եմ քաղաքը։ Հոգեւորականնե՛ր, առաջնորդնե՛ր եւ ժողովո՛ւրդ, ինձ միայնակ թողեցիք։ Սա պարտության ճիչ է։ Բայց ոչ միայն ես եմ պարտվել, այլ դուք էլ եք պարտվել։ Եւ կրկին մի հոգի է հաղթել։ Աստված օգնական»,-գրել է եպիոսկոպոս Սահակ Մաշալյանը։

Այս խորագրի վերջին նյութերը