Հարցազրույց

11.11.2010 15:41


Լևոն Անանյան.

Լևոն Անանյան.

Հարցազրույց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հետ

-Վերջին շրջանում Դուք շատ եք նշում, որ հասարակությունը բարոյալքված է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Մեր հասարակությունը շատ քաղաքականացվեց։ Ես տագնապ եմ հնչեցնում, որ էլի ընտրություններ կգան, ու մենք էլի կսկսենք իրար դեմ ապրել, և դա շատ վտանգավոր է։ Այս ընչազուրկ պայմաններից է, որ մարդիկ գնում են ու իրենց ձայնը 1000, 3000 դրամով վաճառում են, ու մարդն ինքն արդեն ամաչում է իր հարևանից, իր բարեկամից։ Երկու բանակի են բաժանվում ու իրար դեմ են դուրս գալիս։ Մեր երկիրը չի դառնում քաղաքակիրթ երկիր, էլի։ Տասնյակ կուսակցություններ ունենք այս փոքրիկ երկրի մեջ, որոնք պատուհաս են, իսկ ուզածդ քաղաքակիրթ երկրում երկու-երեք կուսակցություն կա, որոնք առաջադրվում են։ Սա մի խնդիր։ Երկրորդ՝ շուկայի խնդիրը չգիտակցվեց։ Շուկան բազարի վերածվեց։ Մենք հարմարվում ենք այս շուկային։ Երրոդ՝ Արևմուտքը եկավ ու ազատորեն մտավ այստեղ։ Երիտասարդ սերունդը նայում է այնտեղ՝ մտածելով, որ մոդեռնն այնտեղ է, և որ այսօրվա բարոյական կողմնորոշիչները մենք պետք է վերցնենք այնտեղից։ Այնինչ մենք պետք է վերցնեք մեր ազգայինն ու կարողանանք Եվրոպա արտահանել, Արևմուտք արտահանել։ Հաջորդ պատճառը ընդհանուր անտարբերությունն է, որը շատ կարևոր գործոն է։ Հասարակությունը շատ անտարբեր է՝ կողքը կարող է թալանեն, չգիտեմ ինչ անեն, բայց անտարբեր մարդիկ կանցնեն։

-Ի՞նչն է այդ անտարբերության պատճառը։

-Որովհետև որևէ բան փոխելու հույս չունեն։

-Դուք նախորդ ընտրություններին, ըստ էության, սատարում էիք այսօրվա իշխանություններին, իսկ այսօր քննադատություններ եք հնչեցնում նրանց հասցեին։ Ձեր հույսերը չե՞ն արդարացրել։

-Ես այն ժամանակ ոչ թե նրանց կողմն էի, այլ մեծամասնականով առաջադրել էի իմ թեկնածությունը։ Ես անկախ եմ եղել։ Եթե այդպես իշխանական լինեի, չէի առաջադրվի՝ առանց հաշվի նստելու այն արգելքների հետ, որ ինձ ասում էին՝ մի՛ դիր, որովհետև հայտնի էր, թե ում հետ պետք է ճակատ առ ճակատ մրցեի։

-Իսկ իշխանությունները Ձեր հույսերն արդարացնո՞ւմ են։

-Գիտե՛ք, մենք այս 20 տարում այնքան բան ենք տեսել, որ Այգեկցու առակն է  հիշեցնում, երբ կինը անիծում է թագավորին, և նա մահանում է, բայց հետո ավելի դաժան թագավորն է գալիս, ու կինը Աստծուն խնդրում է նրան պահել, որովհետ կարող է  ավելի վատը գալ։ Ես կարծում եմ, որ այսօր ավելի շատ լույս կա, քան երեկ, և այն խավարը, որ մենք միասնաբար ստեղծեցինք այդ հիմքերի հիմքում, այս լույսը չի հերիքում, որ այդ խավարը ցրվի, և առաջ գնանք։

-Իսկ հնարավո՞ր է, որ եկող խորհրդարանական ընտրություններին Դուք այսօրվա իշխանությունների վերարտադրման օգտին հանդես գաք։

-Կգա այդ ընտրությունների ժամանակը, ու իմ որոշումը կասեմ։ Ես ինչ իմանամ, թե տարիուկես հետո ինչ կլինի։

-Ո՞ր դեպքում բարոյահոգեբանական այս մթնոլոտը եկրում կշտկվի։

-Եթե չունենանք ազգային արժեքների միասնության գաղափարը, չի լուծվի այս խնդիը։ Այս բզկտված, պառակտված, բաղդատված, տարբաժանված հասարակությամբ մենք ոչ մի քայլ առաջ չենք գնալու։

-Իսկ ո՞վ պիտի համախմբի։

-Ամեն մեկս մեր գործը պետք է անենք։ Պետությունը իր կողմից պետք է ունենա այդ մտահոգությունը, պարտավորությունը,  հասարակությունն իր կողմից այդ կամքը պետք է ունենա, իսկ մտավորականությունն էլ այդ պատասխանատվությունն ունենա։

-Իսկ պետությունն ունի՞ այդ կամքը։

-Դժվարանում եմ ասել։ Ես տեսնում եմ, որ պետական մասում էլ  պառակատումներ կան՝ հենց պետական ոլորտներում։ Սպասենք՝ տեսնենք։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը