Լրահոս

07.02.2017 12:20


Ոստիկանության աշխատակիցը հարվածել է մորը, որդին էլ՝ աշխատակցին

Ոստիկանության աշխատակիցը հարվածել է մորը, որդին էլ՝ աշխատակցին

Լոռու մարզի Տաշիր քաղաքում իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ: Քրեական գործը հարուցվել է 2017 թվականի հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ քաղաքացի Մ. Ա.-ն, տեղեկանալով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի վարորդ, ոստիկանության ավագ սերժանտ Ա. Ա.-ի իր կողմից մորեղբորը ոստիկանության Տաշիրի բաժին հրավիրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու հանգամանքի մասին, վրդովվել և քաշքշել է ծառայողական պարտականությունները կատարող` Տաշիրի զորակոչային տեղամասի հարակից տարածքում այդ պահին հասարակական կարգը պահպանող ու անվտանգությունն ապահովող Ա. Ա.-ին՝ գործադրելով նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Նկարագրված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով Մ. Ա.-ն ձերբակալվել է:

Քննության ընթացքում քաղաքացի Մ.Ա.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի հունվարի 17-ին` ժամը 13-ի սահմաններում, եղբորը Տաշիր քաղաքի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելուց հետո նույն քաղաքի Էրեբունի փողոցում ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Ա. Ա.-ն վիճաբանել է մոր հետ, որի ընթացքում հարվածել է վերջինիս, ինչից զայրացած՝ ինքը մեկ անգամ ձեռքով հարվածել է ոստիկանության աշխատակցին:

Հունվարի 18-ին Մ.Ա.-ի մայրը իր և ոստիկանության աշխատակցի միջև տեղի ունեցածի մասին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Տաշիրի բաժնում:

Մ.Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել: 2017 թվականի հունվարի 20- ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է մեղադրյալ Մ.Ա-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազը գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վարույթից վերցրել և հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը