Լրահոս

02.02.2017 16:15


Կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները

Կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրենսդրական այս նախաձեռնությամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կհամապատասխանեցվի 2015թ. խմբ. Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` ապահովելով Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ: Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, կապահովվի Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված մարմնի արդյունավետ գործունեությունը, կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ ժողովրդավարության ամրապնդման համար, իրավական համակարգում հնարավորինս կկանխարգելվեն և կբացառվեն հակասահմանադրական իրավիճակները, անհրաժեշտության դեպքում իրավական գործիքներով կապահովվի սահմանադրական մարմինների լիազորությունների թույլատրելի սահմանները և իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորումը, կբարելավվեն Սահմանադրությամբ ամրագրված` մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործող կառուցակարգերը:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մշակվել է` հիմք ընդունելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները դադարեցնելու և աշխատանքային պայմանագրերում որպես պարտականություն ներառելու վերաբերյալ ՀՀ վարչապետի 2016թ. համապատասխան հանձնարարականը:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը