Հարցազրույց

09.01.2010 20:25


Լյուդմիլա Սարգսյան

Լյուդմիլա Սարգսյան

Հարցազրույց  Լյուդմիլա Սարգսյանի հետ

-Հունվարի 9-ին կայացած ՍԴՀԿ համագումարը բաղկացած էր 2 մասից։ ԶԼՄ-ներին թույլատրվեց ներկա գտնվել համագումարի հանդիսավոր բացմանը միայն։ Ո՞րն էր Ձեր համակիրների ՍԴՀԿ վարչության և ատենապետի ընտրությունները փակ ռեժիմով անցկացնելու նպատակը։

-Ոչ թե նպատակային փակ էր, այլ պարզապես դա աշխատանքային մասն է։ Կուսակցությունն իր օրակարգային, աշխատանքային հարցերն է լուծում։ Բոլոր կուսակցություններում է դա ընդունված։ Իսկ մեր կուսակցությունում դեռևս հարյուրամյակ առաջ, երբ կուսակցությունն իսկապես թաքցնելու բան ուներ, անվտանգության նկատառումներից ելնելով, համագումարները միշտ փակ են եղել։ Հայաստանում համագումարը մենք անում ենք երկու մասից՝ բաց և երկրորդ՝ աշխատանքային մասը՝ փակ։ Այնպես որ դա շատ նորմալ է։

-Թաքցնելու ոչինչ չունե՞ք։

-Իհարկե ո՛չ։

-2009թ. դեկտեմբերի 16-ին արդեն տեղի է ունեցել ՍԴՀԿ արտակարգ համագումարը, որի ժամանակ ընտրվել է կուսակցության նոր կենտրոնական վարչություն և ատենապետ՝ Գևորգ Պերկուպերկյանը։ Սակայն հունվարի 9-ին կրկին համագումար հրավիրվեց...

-Նախ՝ դա համագումար չի կարելի անվանել։ Նրանք այդտեղ ունեին երկու պատգամավորի հնարավորություն։ Երկուսը Ղափանից, մյուսը՝ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունից։ Իրականում իրենք ներկայացրել էին մասնաճյուղեր, որոնք գոյություն չունեն, չկան։ Եթե կան էլ, ապա մեզ հետ են, այստեղ են։ Մի հոգի եթե ունեցել են, ներկայացրել են, թե իբր մասնաճյուղը ներկա է։ Ինչ վերաբերում է իրենց համագումարին, դրա մոտիվացիային, ապա  նրանք այն անվանեցին արտակարգ համագումար։ Նման տերմին, նման հասկացություն մեր կանոնադրության մեջ գոյություն չունի։ Եվ եթե 20 օր հետո հերթական համագումարն է, և իրենք էլ այդքան զորեղ էին, ինչու՞ չեն գալիս այստեղ՝ իրենց հարցերը լուծելու և ընտրելու այն արժանի ատենապետին, ում իրենք են տեսնում։ Հետևաբար իրենք խնդիր ունեին. իրենք գիտեին, որ մեծամասնություն չեն և գնացին այդ զարտուղի ճանապարհով, որն իրենց ընդամենը վարկաբեկեց։ Ես կարծում եմ, որ մենք մեր հերթական համագումարին (որը նախօրոք՝ երկու ամիս առաջ իրազեկված էր շրջաններով հայտարարությամբ, օրակարգով) հանգիստ, ինքնավստահ եկանք։ Իսկ այն, ինչ որ իրենք են արել, դրան ընդհանրապես կարելի է անլուրջ վերաբերվել և իրենց մասին չհիշել։ Իմ խորհուրդն է ընդհանրապես՝ ինչքան հիշեք, այնքան կարևորելու եք՝ իրենց համար բարդ վիճակներ ստեղծելով։

Սարգիս Տխրունի» միությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ դիմել են դատարան՝ օրինական կերպով վերականգնելու կուսակցության իրավունքները ՍԴՀԿ կնիքի և փաստաթղթերի վրա: Դուք մասնակցելո՞ւ եք դատական այդ նիստին։

-Դատարան դիմելու համար հիմքեր պետք է ունենան։ Ի՞նչ համագումարի հիմքեր են իրենք ներկայացնելու, որ այդ համագումարով իրենք որևիցե բան կնքել են, ինչ-որ բան հաստատել են։ Այդ ամբողջ համագումարը կանոնադրական լրջագույն սխալներով է տեղի ունեցել։ Դա չի կարելի ընդհանրապես համագումար անվանել։ Դա խեղկատակություն է եղել։

-Այսինքն, համզոված եք, որ դատական պրոցեսը Դո՛ւք եք շահելո՞ւ։

-Ես կարծում եմ, որ նման պրոցես չի կարող լինել։ Ինչքան էլ ոչ իրավական երկրում ենք մենք ապրում, կարծում եմ, որ նույնիսկ իշանությունները հասկանում են, որ այս դեպքում աջակցել այդ թևին ուղղակի անհնար է. մոտիվացիա չունեն։

-ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը վերջերս հայտարարեց, որ Դուք սուրճից և ձեռքին ծխախոտից բացի այլ բան չգիտեիք, ինչպես նաև խմբերով պատահական մարդկանց եք անդամագրել կուսակցություն։ Ի՞նչ կասեք այս հայտարարություններին ի պատասխան։

-Ես կասեմ նաև շարունակությունը՝ նաև տեխնիկական աշխատող եմ եղել կուսակցությունում։ Այդտեղից հետևություն արեք, թե իրենց ասածների մեջ ինչքան լրջություն և ճշմարտություն կա։ Այն, որ ծխում եմ, չեմ կարծում՝ որևիցե մի արտառոց բան է, կամ երբևիցե դա թաքցրել եմ։ Իսկ սուրճ էլ ամեն նորմալ մարդ աշխատանքի ընթացքում խմում է։ Իսկ ինչ վերաբերում է խմբակային անդամագրությանը, մեզ մոտ դա ընդհանրապես բացառվում է, իսկ եթե եղել են կոնկրետ շրջաններ, օրինակ, մի գյուղում եթե իրոք եղել են մարդիկ, ովքեր միանշանակ մեզ աջակցել են, մի 15-20 հոգի այնտեղ անդամագրելը մեծագույն հանցա՞նք է։ Խորհուրդ կտայի Սեդրակ Աճեմյանին դադարեցնել իրեն անլուրջ վիճակների մեջ գցելը. ինքը, իրոք, իրեն շատ անլուրջ վիճակի մեջ է դրել։ Համահնչակյան կենտրոնական վարչության ատենապետին սազական չէ նման բամբասանքների և մանր խնդիրների մեջ մտնելը։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը