Աշխարհ

19.01.2017 14:00


Եվրախորհրդարանի նորընտիր նախագահը կողմ է արտահայտվել Թուրքիա-ԵՄ բանակցությունների դադարեցմանը

Եվրախորհրդարանի նորընտիր նախագահը կողմ է արտահայտվել Թուրքիա-ԵՄ բանակցությունների դադարեցմանը

Եվրախորհրդարանի նորընտիր նախագահ Անտոնիո Տայանին կողմ է արտահայտվել Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների դադարեցմանը:

Թուրքիայի մասին իր հայտարարությունում նա նշել է, որ այդ երկրում խոսքի ազատություն գոյություն չունի: Տայանին նաև «սկանդալային» է բնութագրել թուրքական իշխանամետ «Akşam» թերթը։

«ermenihaber.am»–ը հիշեցնում է՝ 2015թ. ապրիլին Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից առաջ Տայանին հետևյալ մեկնաբանություններ էր արել. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Այն տեղի է ունեցել: Մենք կարող ենք հասկանալ, որ սա Թուրքիայի համար զգայուն թեմա է: Սակայն մենք էլ Եվրոպայի անունից պայքարում ենք մարդու իրավունքների, մարդու պատվի պաշտպանության համար, և դա մեր հիմնական սկզբունքներից, առաջնայնություններից մեկն է: Այսինքն՝ մենք սա Թուրքիային դեմ գնալու համար չենք անում: Հրեաների ցեղասպանության առումով էլ նույն մոտեցումը ցուցաբերեցինք, ինքնաքննադատություն դրսևորեցինք: Դա մեր պատմությունն է: Հազարավոր հայեր էլ սպանվեցին: Եվ դա էլ մարդկության պատմության մի մասն է: Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ ոքի օգուտ չի տա: Դա պատմության մի մասն է և ակնհայտ իրողություն է: Մենք դատապարտում ու պատժում ենք ոչ թե այսօրվա, այլ 100 տարի առաջվա Թուրքիային»,-ասել է նա:

Իտալացի Անտոնիո Տայանին, որը ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել հունվարի 17-ին Ստրասբուրգում կայացած քվեարկության չորրորդ փուլի արդյունքում։

Զբաղեցնելով ԵԽ նախագահի աթոռը՝ Տայանին հավաստիացրել է, որ «լինելու է այն խորհրդարանի նախագահը, որն իր գործունեությամբ կարտացոլի բոլոր պատգամավորների ու բոլոր խմբակցությունների շահերը»:

63-ամյա Տայանին ավելի վաղ երկու անգամ զբաղեցրել է եվրակոմիսարի պաշտոն։ Նա Իտալիայում «Հառա՛ջ, Իտալիա» կուսակցության հիմնադիրներից մեկն է և եղել է այդ երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պաշտոնական ներկայացուցիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը