Լրահոս

18.01.2017 16:13


Գ. Նազարյան. «Դաշինքը չի սահմանափակվի նշված երեք կուսակցություններով»

Գ. Նազարյան. «Դաշինքը չի սահմանափակվի նշված երեք կուսակցություններով»

«Vesti.am»-ը քաղաքական գործընթացների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների և ձևավորվող դաշինքների մասին զրուցել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանի հետ:

-Պարո՛ն Նազարյան, երեկ հայտարարություն տարածվեց, որ երեք քաղաքական ուժեր՝ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական դաշինքով: Որքանո՞վ եք հնարավոր համարում նոր քաղաքական ուժերի միավորումն այդ դաշինքում:

–Հնարավորությունը մեծ է, և կարծում ենք, որ նոր ուժեր, հայտնի անհատներ, հասարակական կազմակերպություններ կմիանան այս դաշինքին, և այն կդառնա ավելի ընդգրկուն՝ ավելի մեծ հեղինակություն ունեցող մարդկանցով և գործիչներով: Դաշինքը չի սահմանափակվի նշված երեք կուսակցություններով:

-Ձեր ասածը ցանկություննե՞ր են, թե՞ կոնկրետ գործողություններ են արվում այդ ուղղությամբ:

–Նախ և առաջ՝ դրանք ցանկություններ են: Սակայն ցանկություններն ունեն հիմք, և դրանք բանակցություններն են, շփումները, ամենօրյա աշխատանքները: Դաշինքը հասարակության համար ավելի ընկալելի, վերջնական տեսքով հանդես կգա առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

-Քաղաքականություն վերադառնալու մասին երեկ հայտարարություն արեց նաև Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ լայն համախմբում է ակնկալում իր շուրջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարություններին և այդ համախմբմանը:

–Գնահատում ենք դրական: Մենք ողջունում ենք քաղաքական դաշտի ցանկացած ակտիվություն, որը կնպաստի Հայաստանի զարգացմանն ու քաղաքական դաշտի կայացմանը:

-Վերջերս շատ են այն կարծիքները, որ որքան ընդդիմադիր դաշտում շատ լինեն խմբավորումները, դաշինքները, այնքան դա օգուտ կբերի իշխանական թևին: Այսինքն, ընդդիմադիր դաշտը ցրվածության, մասնատվածության նախանշաններ է ցույց տալիս: Դուք համաձա՞յն եք այդ կարծիքի հետ:

–Իհարկե, այդ գաղափարը կա, և այն բավականին իշխող տեսակետ է դարձել, սակայն դասական իմաստով և իրականության մեջ բոլորը չեն կարող միավորվել նույն դաշինքում, դա անհնար է: Դա կարելի է համարել ուտոպիստական գաղափարախոսություն: Կան տարբեր գաղափարներ, մոտեցումներ ունեցող անհատներ, և նրանց շատ դժվար է միավորել մի ընդհանուր դաշինքի մեջ: Սակայն կարծում եմ՝ եթե ստեղծվի մեկ-երկու լուրջ դաշինք, դա կնպաստի քաղաքական գործընթացների առողջացմանը: Մեր պետությունը երևի շատ երիտասարդ է, դրա համար էլ նման կարծիքներ լինում են: Պետք է բոլոր կարող ուժերն իրենց հնարավորությունները միավորեն, որպեսզի կարողանանք ապահովել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, կարողանանք խուսափել ընտրակեղծիքներից, ընտրակաշառքներից: Այդ հարցում պետք է բոլորը միավորվեն՝ անկախ նրանից՝ միասի՞ն են գնում ընտրության, թե ոչ:

–Հանրության շրջանում կարծիքներ են պտտվում, և, կարծես թե, հող է նախապատրաստվում ընտրությունները բոյկոտելու ուղղությամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում ընտրությունների բոյկոտին ընդհանրապես, իսկ Հայաստանում` մասնավորապես:

–Ընտրությունների բոյկոտը ձեռնտու կլինի միայն ինշխանություններին: Ընտրությունները պետք է լինեն խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնելու միջոց: Եթե մենք բոյկոտում ենք ընտրությունը, նշանակում է՝ մենք իշխանություններին ուղղակի նվիրում ենք առանց պայքարի, չարչարանքի հաղթանակ: Դա նրանց համար նվեր կլինի: Դա իշխանությունների երազանքն է, որ ընտրությունները բոյկոտվեն: Ամեն դեպքում, պետք է մասնակցել ընտրություներին, ամեն ինչ անել ընտրակեղծիքներ թույլ չտալու համար: Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ իրեն տրվող ընտրակաշառքը թույն է, որն ինքը պետք է խմի և հետագայում տա իր երեխաներին: Նշեմ նաև, որ լուրջ խախտում է կատարվել ընտրության օրվա նշանակման հետ կապված: Այն պետք է ավելի ուշ նշանակվեր՝ առաջնորդվելով Սահմանադրության անցումային դրույթներով, ինչը չի արվել: Այս հարցով առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ:

-Իսկ դրանք որոշակի փոփոխություններ կբերե՞ն:

–Ընտրության օրը փոխելու հիմքերը շատ են: Կարծում եմ՝ այդ հարցում մեզ այլ ուժեր և գործիչներ ևս կմիանան:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը