Աշխարհ

16.01.2017 14:53


Թուրք հոդվածագիր.«Բոսֆորի մզկիթներում նամազ անողները չգիտեն, որ դրանք Բալյանների կողմից են կառուցվել»

Թուրք հոդվածագիր.«Բոսֆորի մզկիթներում նամազ անողները չգիտեն, որ դրանք Բալյանների կողմից են կառուցվել»

Բոսֆորի գեղաշուք մզկիթներում նամազ անողների մեծ մասը չգիտի, որ դրանք հայ Բալյան ընտանիքից սերող արքունական ճարտարապետների ձեռքի աշխատանքն են: «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է թուրքական «Türkiye» թերթի հոդվածագիր Էքրեմ Բուղրա Էքկինջին՝ անդրադառնալով հռչակավոր պոլսահայ ընտանիքի պատմությանն ու ստեղծագործություններին:

«Ծագումով կեսարացի Բալյանների ընտանիքը 9 սերունդ շարունակ ճարտարապետներ է կրթել: 18-19-րդ դարերում Ստամբուլում և նրա շրջակայքում կառուցված բոլոր պալատները, մզկիթները, եկեղեցիները, ամառանոցները, զորանոցները, դպրոցները, հիվանդանոցները, աշտարակները, աղբյուրներն ու թատրոնները Բալյանների ձեռքի աշխատանքն են: Նրանք միավորել էին եվրոպական ճարտարապետության սկզբունքներն ու արևելյան ձևավորման միտումները՝ ստեղծելով սեփական յուրօրինակ ոճը: Իրենց կուտակած գիտելիքներն ու փորձը սերնդեսերունդ փոխանցելով՝ նրանք կարողանում էին նաև շարունակաբար զարգանալ և հիշեցնել իրենց մասին», - գրում է թերթը:

Այնուհետև, անդրադառնալով Բալյան ընտանիքի պատմությանը, հոդվածագիրը գրում է.

«Բալյան ազգանունն առաջինն օգտագործել է վարպետ Գրիգորը (1764-1831թթ.), ով Կեսարիայից Ստամբուլ տեղափոխված իր հոր՝ Մերեմեթչի Բալի Քալֆայի անունով իրեն կոչել է Բալյան: Գրիգորը եղել է Սելիմ 3-րդ սուլթանի պալատական ճարտարապետը: Նա մեծ հեղինակություն ու պատիվ էր վայելում ինչպես հայերի, այնպես էլ կայսրության մյուս բնակիչների շրջանում: Գրիգորն այնքան է մտերմանում Սելիմին հաջորդած Մահմուդ 2-րդ սուլթանի հետ, որ վերջինս նրան ու ընտանիքին ազատում է հարկերից ու շնորհում մի շարք արտոնություններ: Գրիգոր Բալյանի ամենահայտնի գործերից են Սելիմիյե զորանոցն ու Նուսրեթիե մզկիթը:

Գրիգորի որդի Կարապետ Ամիրան (1800-1866թթ.) նույնպես պալատական ճարտարապետ դարձավ: Նա իր փեսա Օհաննեսի և որդու՝ Նիկողոսի հետ 1853թ. կառուցեց Դոլմաբահչեի պալատը: Իր երեսնամյա մասնագիտական գործունեության ընթացքում Կարապետը կառուցել է 7 պալատ, 4 գործարան, 1 զորանոց, 1 մզկիթ, 7 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար:

Կարապետի որդի Նիկողոս Բալյանը (1825-1858թթ.), ով կրթություն էր ստացել Փարիզում, իր կարճ կյանքի ընթացքում մի շարք արժեքավոր գործեր ստեղծեց: Նրա ստեղծագործություններն են Օրթաքյոյի մզկիթը, Դոլմաբահչեի ժամացույցի աշտարակը: Նրա եղբայր Հակոբը (1837-1875թթ.) նույնպես ուսանել էր Փարիզում: Հակոբի ամենահայտնի աշխատանքը 1864թ. կառուցված Բեյլերբեյի պալատն է: Կարապետի որդիներից Սիմոն Բալյանը (1846-1894թթ.) նույնպես պալատական ճարտարապետ էր: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Մաչքայի զինանոցն է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը