Աշխարհ

16.01.2017 12:37


ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կոչ է արել Բելառուսին Ադրբեջանին չհանձնել Արցախ այցելած բլոգերին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կոչ է արել Բելառուսին Ադրբեջանին չհանձնել Արցախ այցելած բլոգերին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վ. Չայչիցին և Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յու.Պիլիպենկոյին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ալեքսանդր Լապշինի հետ կապված իրադարձությանը և օժանդակել վերջինիս իրավաբանական օգնության հարցում։

Փաստաբանների պալատը 2016թ. դեկտեմբերի 29-ին ձևավորել էր մասնագիտական աշխատանքային խումբ՝ փաստաբաններ Սիմոն Բաբայանի, Էմիլ Ամիրխանյանի, Տարոն Սիմոնյանի և Արայիկ Ղազարյանի կազմով։

Մասնագիտական խումբը գտել է, որ Ալեքսանդր Լապշինի հանձնումը Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազի պահանջով անթույլատրելի է, քանի որ այն հակասում է միջազգային և Բելառուսի ներպետական իրավական ակտերի պահանջներին։

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հանձնման նպատակով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այցերի մասին գրառումներ էր կատարել իր բլոգում: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը