Հարցազրույց

30.12.2009 16:44


Տեր Հակոբ քահանա Խաչատրյան

Տեր Հակոբ քահանա Խաչատրյան

Հարցազրույց տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մամուլում շատ հաճախ քննադատության են ենթարկվում հոգևորականները և շատ դեպքերում դա տեղին քննադատություն է։

-Երբ ժամանակին ես մի ասուլիսի էի, մի գրող Ղազար Փարպեցուց մի օրինակ բերեց ժամանակի որոշ հոգևորականների վարքագծի մասին և դա ընդհանրացրեց՝ մոռանալով հանդերձ, որ հեղինակը հոգևորական է։ Այսինքն, եթե մարդը նպատակ, միտում ունի տեսնելու միայն վատը և կառչելու դրանից ու վատով որակելու տվյալ հաստատությանը, դա չի խոսում վերջինի վատ լինելու մասին, այլ ընդամենն այդ ասողի հոռետեսության և միտումնավոր նպատակ ունենալու մասին։ Աստվածաշունչն ասում է, որ մենք՝ հոգևորականներս, Աստծո ծառաներ լինելով, մեր կոչմամբ է, որ պետք է արժանանանք երկնքի արքայությանը։ Այսինքն, մենք՝ մարդիկ, հոգևորականներս, կատարյալ չենք, և խնդիրն այն է, թե հոգևորականի կյանքը քննելուց ի՞նչն ենք ուզում տեսնել. որևէ հոգևորական չունենք՝ կաթողիկոսից մինչև սարկավագ, որ իր հոգևոր ծառայությամբ այնքան բացասական նկարագիր ունենա, որ ժողովրդի և կյանքի դիմագիծը խախտի։

-2009թ. նոյեմբերի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշատակեց, նրա խոսքերով, փառամոլ և իշխանատենչ հոգևորական Եղիազար Այնթապցուն, ով կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս։ Նա նաև նշեց, որ այն ժամանակ Էջմիածնի միաբանները նրան դարձնում են Ամենայն Հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք չդառնա ու չպառակտի եկե­ղեցին։ Նման օրինակների հիշատակումը ճի՞շտ եք համարում։

-Իհարկե ոչ։ Հոգևորականի պաշտպանվածության համար չէ, որ ես հիմա սա ասում եմ, այլ ուղղակի պետք է պատկերացումը ճիշտ լինի հոգևորականի վերաբերյալ։ Եթե մենք անապատով քայլում ենք, շատ ծարավ ենք, և մեզ բոլորից մեկն է մոտենում և մի բաժակ ջուր տալիս, եթե մենք այդ ջրի կարիքն ունենք, չենք քննում՝ ով է մեզ տալիս։ Եթե մենք դիմում ենք բժշկի, չենք քննում՝ բժիշկն ինչպիսին է։ Խնդիրն այն է, թե մենք որքանո՞վ ենք կարևորում եկեղեցին, Աստծուն, իսկ հոգևորականի նկարագիրը երկրորդական է, որովհետև հանգամանքի մասին խնդիր է դա։ Հոգևորականներն, անշուշտ, բոլորն էլ իրենց ծառայությունն ազնվորեն կատարում են, բայց ինչպես «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմում, մարդիկ իրենց մեղքերն ուղղակի արդարացնելու համար փորձում են Աստծուն մարդացնել։ Մարդիկ կամ կառույցներն իրենց սխալները քողարկելու համար, անշուշտ, պետք է այդ վանդակախցի մեջ դնեն նաև ուրիշներին։ Այն անձը, ով իրապես հոգևոր մղումներ ունի և իրեն եկեղեցու զավակ է համարում, նրա դրսևորումները լրիվ այլ կլինեին։ Ես չեմ ուզում մասնավորեցնել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության համար։ Խնդիրը երևույթի մասին է։ Ես չգիտեմ՝ այդպիսով ինքն ի՞նչ էր ուզում անել, բայց որևէ տեսակի երևույթ, որի մեջ մեղադրանք կա հոգևորականի և եկեղեցու նկատմամբ, եկեղեցու զավակի դրսևորում չէ։ Որքան էլ զավակն ինչ-որ բանի մեջ սխալ դիտի, չի նշանակում, որ պետք է մեղադրի։ Եվ, որպես կանոն, զավակը գրեթե միշտ ավելի սխալ է լինում, քան ծնողները։

ատ են հրապարակումներ լինում այն մասին, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հարստություններ ունի դիզած, բիզնես ունի և այլն։ Որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը։

-Ես ապրում եմ Էջմիածին քաղաքում, և մի օր հոդվածներից մեկում  նշված էր կաթողիկոսին իբրև թե պատկանող տրանսպորտային ինչ-որ բանի մասին, որն իրականության հետ ընդհանրապես կապ չունի։ Վեհափառ հայրապետի մասին գրված նման հոդվածների 99%-ը հերյուրանք է։ Դա ուղղակի սև գործ անելու մեթոդներից մեկն է, նամանավանդ մեր երկրում էլ օրենքը չի գործում, պատասխանատվության չեն կանչելու։ Բայց եթե մարդիկ իրենց պատասխանների հատուցումների խնդիրների մեջ կարող են թերանալ, ապա Աստված ամեն ինչ տեսնում է։ Աստվածաշնչում գրված է՝ իմ ծառային իրավունք չունես մեղադրելու, այլապես ե՛ս եմ, որ պատիժը քեզ պիտի տամ։ Հաճախ մենք չենք ուզում բարձրաձայնել, որ պաշտպանվածության տպավորություն չստեղծվի։ Մենք պատրաստ ենք քննադատության, բայց այնպիսի քննադատության, որն իրապես առողջ հավատք ունեցող մարդն է բարձրաձայնում։ Մնացածը հերյուրանք է, մեծամտություն, քար նետելու անհաջող փորձեր. ծովի հատակի մեջ ինչքան էլ կեղտոտ հատիկ ընկնի, ծովի հատակը կամ ծովի մակերեսը չի կարող պղտորել։ Մենք անցումային մի շրջանում ենք, և Աստված հնարավորություն է տվել, որ հոգևոր գործերում ամեն մեկն իր մասնակցությունն ունենա։ Ով կօգտվի այդ հնարավորությունից, փա՛ռք Աստծո, ով չի՞ օգտվի, պատիժն անխուսափելի է։

-Փաստորեն հերքում եք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հարստություն և բիզնես ունի։

-Անշուշտ հերքում եմ։ Կաթողիկոսի հարստությունը մենք ենք, դուք եք, բոլորս ենք։ Ամենայն Հայոց կաթողիկոսը, եթե դուք մի օր առավոտից երեկո իր կողքին լինեք, 500-ից ավելի նամակներ է կարդում։ Ես գեթ մի օր եմ եղել իր մոտ ժամադրության։ Առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 11-ը Վեհափառ հայրապետը ծառայության մեջ է։ Սա ասում եմ որպես մարդ, որն իր հոգևոր կյանքն սկսել է Վեհափառ հայրապետի հիմնադրած Վազգենյան դպրանոցից։ Այս 10 տարիների ընթացքում եկեղեցու հովանու ներքո գործում են հայորդաց տները, ճեմարանները, բարեգործական հաստատությունները, շինարարությունը, միջեկեղեցական կապերը։ Այդ մարդն իր ընտանիքից հրաժարվելով՝ ամբողջ օրը և կյանքը նվիրել է եկեղեցուն։ Եվ այդ մեղադրանքներն անարդար, անազնիվ են այսպիսի անձի հանդեպ, ով իրապես իր կյանքը նվիրել է եկեղեցուն։ Նույնիսկ որպեսզի Մայր աթոռի կառույցները կյանք ունենան, անմիջապես ինքը գնում է, տեսնում շինարարության որակը, որպեսզի այդ կառույցները դարեր հոսեն։ Ո՞ւմ համար է կառուցում եկեղեցիները, ո՞ւմ համար են Մայր աթոռի տարածքներն ընդլայնվում, իր հարստությո՞ւնն է դա, իհարկե ոչ։ Ես ոչ միայն որպես հոգևորական, այլ նաև որպես քաղաքացի եմ ճանաչում Վեհափառ հայրապետին։ Նա իր կամքով, բոլոր որակներով, աշխատասիրությամբ... օր է լինում՝ հաց չի ուտում։ Ուսանող տարիներին գիշերում էինք Առաջնորդարանում, ամբողջ օրը մեզ հետ էր, գալիս էր, մեզ հետ քնում էր։ Նրա ամբողջ գրաֆիկին ես ծանոթ եմ, և այս դեպքում ընդամենը խղճիդ առջև մեղանչած կլինես՝ խոսելով մի մարդու մասին, ով իրապես իր ամբողջ կյանքը ներդրել է եկեղեցու, ժողովրդի, մեզ նմանների համար։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը