Լրահոս

30.12.2009 15:07


Կաղանդ պապի, Дед Мороз, Santa Claus...

Կաղանդ պապի, Дед Мороз, Santa Claus...

Ըստ ազգագրագետների՝ բոլոր դարերում էլ հայ ժողովուրդը, ինչպես նաև այլ ազգեր ունեցել են անսպասելի օգնության գաղափարը մարմնավորող կերպարներ, աներևույթ ուժեր: Դրանով է բացատրվում այն, որ նման ուժի կերպարի մանրամասն նկարագրության գրեթե չենք հանդիպում: Այնուամենայնիվ, 19-20-րդ դդ. Եվրոպայում սկսում է տարածվել հիմնականում Սանտա Կլաուսի, Ռուսաստանում՝ Դեդ Մորոզի կերպարը: Հայկական ամանորը նշվել է տարբեր ժամանակներում, տարբեր եղանակների: Տոնական ծիսակարգը տեսնում ենք Բարեկենդանում, Նավասարդում, անգամ Վարդավառում: Կաղանդը, Նոր տարին կամ Ամանորը հայերի ամենասիրած տոներից է, որն, առանց բացառության, նշում են բոլոր ընտանիքները: Այն իր մեջ կրում է անակնկալ օգնության, առաջին օրվա հմայքի, մեծերին, նախնիներին հարգելու, բնությանը տոնին մասնակից դարձնելու և այլ խորհուրդներ:

Մորոզը սլավոնական աստվածություն է, ձմեռային ցրտի տիրակալը։ Մորոզի կինն ինքը Ձմեռն է։ Дед Мороз-ի կերպարը վերջնականապես ձևավորվել է ԽՍՀՄ-ում։ Այդ ժամանակահատվածում Дед Мороз-ը թոռնուհի է ձեռք բերել, ով դարձել է նրա անբաժանելի ուղեկիցը։

Ամերիկյան Santa Claus-ը, հոլանդական տառադարձմամբ, Սուրբ Նիկոլայի խեղաթյուրված տարբերակն է։ Santa Claus-ը իրական պատմական կերպար է։ Սուրբ Նիկոլայը ծնվել է Պատարում (ներկայիս Թուրքիայի Անթալիայի տարածքում), եկեղեցական կրթություն է ստացել և դառնալով եպիսկոպոս՝ Միր քաղաքում բարեգործությամբ է զբաղվել։ Ըստ առասպելի՝ նա աղքատ աղջիկների (ովքեր արդեն հասուն էին ամուսնանալու համար, սակայն օժիտ չունեին) տների ծխնելույզներից ոսկեդրամներով լցված փոքրիկ պարկեր էր նետում։ Ձմեռ պապիկին տարբեր երկրներում անվանում են՝ Բրազիլիայում՝ Պապայ Նոյել, Բելգիայում՝ Սուրբ Նիկոլայ, Իտալիայում՝ Բաբբո Նատալլե, Նորվեգիայում՝ Յուլենիսսեն, Հոլանդիայում՝ Սանդերքլասս, Չինաստանում՝ Շանդան Լաոժեն, Թուրքիայում՝ Նոյել Բաբա, Ֆինլանդիայում՝ Յոլլոպուկկի, Ֆրանսիայում Պեր Նոյել և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը