Աշխարհ

11.01.2017 11:31


Ադրբեջանի քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ կոչով դիմում են ԵԽԽՎ-ին

Ադրբեջանի քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ կոչով դիմում են ԵԽԽՎ-ին

Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների մի խումբ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)՝ կոչ անելով անհապաղ վտարել Ադրբեջանի պատվիրակության երկու անդամների, որոնք մեղադրվում են ԵԽԽՎ-ի անդամներին կաշառք տալու մեջ, ինչպես նաև Ադրբեջանի ամբողջ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Դիմումի հեղինակները պնդում են, որ Ադրբեջանի պատվիրակությունն ամբողջովին տիրապետել է կաշառատվության մասին տեղեկատվությանը, բայց այն կանխելու համար ոչինչ չի արել:

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի նախաշեմին հղված դիմումում նշված է, որ ԵԽԽՎ-ի նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի դեմ Միլանի դատախազությունը քրեական հետաքննություն է վարում: Նա կասկածվում է Ադրբեջանի պատվիրակության անդամներ Էլհան Սուլեյմանովից և Մուսլիմ Մամեդովից 2 միլիոն 390 հազար եվրո կաշառք ստանալու մեջ՝ 2013-ին Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների մասին խիստ կարևոր բանաձևը տապալելու ջանքերի համար:

Նամակի հեղինակները նաև պնդում են, որ ԵԽԽՎ-ն անհապաղ պետք է վերականգնի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցողի մանդատը, համագործակցելով միջազգային ճանաչված իրավապաշտպան կազմակերպությունների և ԵԽԽՎ-ի փորձագետների հետ՝ օբյեկտիվ զեկույց պատրաստի Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, Եվրոպայի խորհրդի շրջանակներում կոռուպցիոն կասկածների վերաբերյալ անհապաղ քննարկումներ սկսի, ինչպես նաև էթիկայի հարցերով հատուկ հանձնակատար նշանակի՝ հետաքննելու ԵԽԽՎ-ի այլ անդամների ենթադրյալ մասնակցությունը կաշառակերության գործին:

Մանրամասներն՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը